Հայտնի է Երևանի ավագանու արտահերթ ընտրությունների առաջին ժամերի մասնակիցների թիվը․ լուսանկարներ

Ընտրելու իրավունք ունեցող 848.343 քաղաքացուց Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին ժամը 11:00-ի դրությամբ մասնակցել է 79 686 քաղաքացի, որը կազմում է 9,39 տոկոսը: Այս մասին տեղեկացնում է կենտրոնական ընտրական հանձնաժողովը:

Ընտրություններին մասնակցած ընտրողների թիվն ըստ վարչական շրջանների.
Աջափնյակ — 9, 18 տոկոս
Ավան – 10,94 տոկոս
Արաբկիր – 8,21 տոկոս
Դավթաշեն – 10,52 տոկոս
Էրեբունի – 9,3 տոկոս
Կենտրոն – 7,25 տոկոս
Մալաթիա-Սեբաստիա — 9,77 տոկոս
Նոր Նորք – 10,7 տոկոս
Նորք Մարաշ – 9,86 տոկոս
Նուբարաշեն – 11,49 տոկոս
Շենգավիթ — 10,83 տոկոս
Քանաքեռ –Զեյթուն 8,61 տոկոս

Ի դեպ, 2017 թվականի Երևանի ավագանու հերթական ընտրություններին նույն ժամի դրությամբ մասնակցել է 94 հազար 256 ընտրող կամ ընտրողների 11,9 տոկոսը:

Շենգավիթ համայնքում գտնվող 8/12 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Ռաֆայել Աբրահամյանն «Ալիք մեդիային» ասաց, որ ընտրություններն ընթանում են բնականոն հունով, որևէ կոպիտ խախտում դեռևս չեն արձանագրել։ 1980 ընտրող ունեցող ընտրատեղամասում ժամը 11-ի դրությամբ ընտրություն է կատարած եղել 201 քաղաքացի, ինչն ըստ հանձնաժողովի փորձառու անդամների՝ «նորմալ թիվ է»։