Քվեարկեցի, մեկնում եմ Նյու Յորք․ Նիկոլ Փաշինյան

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը քիչ առաջ ֆեյսբուքյան իր էջի միջոցով հայտնեց, որ արդեն մասնակցել է այսօր Երևանում անցկացվող տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին և պատրաստվում է մեկնել Նյու Յորք։

Վարչապետը խաղաղ ընթացք է մաղթել ընտրություններին ու բոլորին կոչ արել մասնակցել և իրացնել քաղաքացիական իշխանությունը և որոշում կայացնել քվեարկության դրված հարցի կապակցությամբ։

«Իմ քվեարկությունը կատարեցի Երևանի քաղաքապետի ընտրություններում և հիմա մեկնում եմ Նյու Յորք։ Հույս ունեմ, որ այսօր մեր քաղաքացիները շատ ակտիվ մասնակցություն կունենան քվեարկությանը և չեն մնա տներում, որովհետև չկա որևէ կասկած, որ ձեր որոշումն է արձանագրվելու և ես հույս ունեմ, որ ՀՀ մայրաքաղաքի ընտրության իրավունք ունեցող բնակիչները այս պահի պատասխանատվությանն ու լրջությանը կարձագանքեն։ Կարծում եմ բոլորս էլ հասկանում ենք, որ այս քվեարկությունը լինելու է ժողովրդի կամարտահայտման քվեարկություն և ժողովրդի ձայնն արձանագրվելու է։ Հաջող քվեարկություն եմ մաղթում։ Նյու Յորքից մեկնելու եմ Դուշանբե, որտեղ մասնակցելու եմ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին և միայն շաբաթվա վերջում եմ վերադառնալու Երևան։ Քվեարկության և ձայների հաշվառման ամբողջ ընթացքում լինելու եմ օդում, այնպես որ հույս եմ դնում ձեզ վրա, որ ամեն բան կլինի կարգին և ընտրությունները կանցնեն առանց միջադեպերի», — ուղիղ եթերում հայտարարեց Փաշինյանը։