Հեղինակային իրավունքների պաշտպանությունը՝ հայ-վրացական համագործակցության ևս մեկ ոլորտ

Հոկտեմբերի 1-ին Թբիլիսիում էին հյուրընկալվել Հայաստանի հեղինակային իրավունքների և արվեստի տարբեր ոլորտների ներկայացուցիչները: Հայաստանյան հյուրերի հետ փորձով կիսվեցին Gera և Rozum կազմակերպությունները՝ ներկայացնելով հեղինակային իրավունքների պաշտպանության համար նախատեսված նոր սարքերը, որ Վրաստանում կիրառվում են արդեն 7 ամիս:

Սարքը հավաքում է ստեղծագործությունների բազա, որտեղ նշվում է, թե քանի անգամ է տվյալ գործն օգտագործվել, որ կազմակերպությունների կամ անձանց կողմից: Այսպիսով, հեղինակները կարող են հանգիստ լինել՝ իրավունքների խախտման դեպքում կստանան իրենց պատկանելիք գումարը:

Այս մեթոդի կիրառմամբ աշխատանքը հետաքրքրություն էր առաջացրել հայաստանյան գործընկերների մոտ:

«Մտավոր սեփականությունը երկու ուղղություն ունի՝ արդյունաբերական սեփականությունն ու հեղինակային իրավունքը: Արդյունաբերական հատվածի պահպանումը հեշտ է, իսկ հեղինակայինին հետևելը շատ դժվար է՝ հատկապես հետագայում համապատասխան փոխհատուցում ստանալու տեսանկյունից: Մենք զբաղվում ենք արդյունաբերական օբյեկտների սեփականությամբ, հիմա որոշել ենք զբաղվել հեղինակային իրավունքներով»,-Ալիք Մեդիայի հետ զրույցում ասում է Երևանի պետական համալսարանի տնտեսագիտական ֆակուլտետի պրոֆեսոր Սարգիս Կանտարջյանը:

Հանդիպումը տևեց մեկ օր, նորարարական մեթոդը Հայաստանում ներկայացնելուց հետո կքննարկվի նաև հետագա համագործակցությունը: