ՀՀ դեսպանը պարգևատրել է Ծերեթելի գյուղի հանրային դպրոցի հայկական բաժնի ղեկավար Վանիկ Արոսյանին

Փետրվարի 15-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանն այցելել է Վրաստանի Մառնեուլիի շրջանի Ծերեթելի գյուղի հանրային դպրոց՝ դպրոցի հայկական բաժնի ղեկավար Վանիկ Արոսյանին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մեդալով պարգևատրելու նպատակով, հայտնում է Վրաստանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը:

Ըստ տեղեկության՝ Արոսյանը պարգևատրվել է երիտասարդ սերնդի կրթման գործում ունեցած ավանդի և մանկավարժության ոլորտում 45-ամյա գործունեության համար:

«Միջոցառմանը բացման խոսքով հանդես եկավ Ծերեթելիի հանրային դպրոցի տնօրեն Մարինա Մաճարաշվիլին։ Հակիրճ ելույթով հանդես եկավ ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը՝ կարևորելով մանկավարժի բարձր առաքելությունը երիտասարդների կրթման, դաստիարակման և որպես մարդ ու քաղաքացի ձևավորման գործում։ Մեդալի հանձնման արարողությունից հետո ողջույնի խոսքով հանդես եկավ նաև Վրաստանի կրթության և գիտության նախարարության ընդհանուր կրթության վարչության պետ Լալի Քալանդաձեն», — նշված է տարածած հաղորդագրության մեջ: