Խախտվել են բերման ենթարկվածների իրավունքները. ՀԿ-ներ

Վրաստանում գործող մի շարք հասարակական կազմակերպություններ (ՀԿ) հայտարարություն են տարածել՝ իրենց աջակցությունը հայտնելով հուլիսի 31-ին Ռուսաստանի Սոչի քաղաքից Բաթումիի նավահանգիստ ժամանած զբոսանավի դեմ բողոքի ակցիայի ժամանակ ձերբակալվածներին:

Ըստ ՀԿ-ների՝ վարչական կալանքի պրակտիկան խախտում է սահմանադրությամբ երաշխավորված իրավունքները: Հայտարարության համաձայն, ոստիկանությունը չի պաշտպանել Վրաստանի Սահմանադրությամբ երաշխավորված հավաքների և արտահայտվելու ազատությունը և թույլ չի տվել բողոքի ակցիայի մասնակիցներին իրենց բողոքն արտահայտել խաղաղ եղանակով։

«Բողոքի արտահայտությունը կանխելու համար ոստիկանությունը ֆիզիկական խոչընդոտների հետ մեկտեղ կիրառել է նաև ցուցարարներին վարչական բերման ենթարկելու պրակտիկան։ Ձերբակալվածների թիվը 20-ից ավելի է։ Չնայած այն հանգամանքին, որ կալանավորն իրավունք ունի ձերբակալվելիս հանդիպել փաստաբանի հետ, այդ իրավունքից օգտվելը կանխվել է ոստիկանության կողմից»,- նշել են ՀԿ-ները:

ՀԿ-ների պնդմամբ՝ բերման ենթարկվածներից ոմանք խոսում են ոստիկանների կողմից ուժի կիրառման մասին, որոնք շարունակվել են ինչպես ձերբակալության ժամանակ, այնպես էլ՝ դրանից հետո։

«Ապօրինի վարչական կալանքը և հետկալանքը անընդունելի են և խախտում են մարդու հիմնարար իրավունքները։ Մենք պատրաստ ենք պաշտպանել ակտիվիստների իրավունքները և նրանց հետ միասին ընդդիմանալ ապօրինի կալանավորման պրակտիկային»,- նշված է հայտարարության մեջ։

Ի դեպ, Վրաստանի ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) տեղեկություններով ակցիայի 23 մասնակից է ձերբակալվել: Ըստ ՆԳՆ-ի՝ բոլոր ձերբակալվածննրը մեղադրվում են վարչական իրավախախտում կատարելու մեջ՝ մանր խուլիգանություն և ոստիկանի պահանջին չենթարկվել համար։

Ռուսաստանի Սոչի քաղաքից Վրաստանի Բաթումի նավահանգիստ նավարկած ASTORIA GRANDE զբոսանավը, որը ռուս զբոսաշրջիկների էր բերել Վրաստան, հետագա նավարկությունների ցուցակից հանել է Բաթումիի ուղղությունը:

Պալաուի դրոշով ASTORIA GRANDE նավը, որը սպասարկում է թուրքական Miray Cruises International զբոսանավային ընկերությանը, հուլիսի 27-ին էլ էր մտել Բաթումիի նավահանգիստ:

Ըստ ընդդիմադիր «Մթավարի արխի» հեռուստաընկերության՝ ASTORIA GRANDE զբոսանավի սեփականատեր ընկերության նկատմամբ ԱՄՆ-ն ու Ուկրաինան պատժամիջոցներ են սահմանել։