ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի (ԿԳՄՍ) նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 22-28-ը Վրաստանի Հանրապետության Կախեթիի շրջանի Թելավի քաղաքում մասնակցում է հայ-վրացական երիտասարդական ճամբարին։ Հայաստանից ճամբարին մասնակցում են ներկայացուցիչներ երիտասարդական ակտիվ շրջանակներից, ՀՀ բուհերի ուսանողներ, նաև ԿԳՄՍ նախարարության ստեղծած և ՀՀ մարզերում գործող երիտասարդական կենտրոններ հաճախող 30 ակտիվ երիտասարդ, հաղորդել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը:
Ճամբարի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական համաժողով, որի բացմանը ողջույնի խոսքով հանդես է եկել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը: Նա կարևորել է նմանօրինակ նախաձեռնությունների անցկացումը՝ նշելով, որ դա հարթակ է երկու երկրների համագործակցության խորացման, նաև երիտասարդների միջև ուղիղ շփումների, փորձի փոխանակման և փոխըմբռնման ամրապնդման համար։
«Մենք կարևորում ենք միջազգային համագործակցության ընդլայնումն ու խորացումը՝ որպես երիտասարդական քաղաքականության արդյունավետ իրականացման կարևոր բաղադրիչ։ Այս առումով առանձնահատուկ տեղ է զբաղեցնում համագործակցությունը մեր բարեկամ և հարևան Վրաստանի հետ։ Վերջին տարիներին մեր երկրների միջև երիտասարդական համագործակցության կայուն և դինամիկ զարգացում է արձանագրվել։ Մասնավորապես՝ ձևավորվել է արդյունավետ համագործակցության ավանդույթ՝ կազմակերպելու Հայաստանի և Վրաստանի երիտասարդների մասնակցությամբ երիտասարդական միջոցառումներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը` երիտասարդներին հրավիրելով 2027 թ. երիտասարդական մայրաքաղաք Ստեփանավան, որտեղ անցկացվելու է հաջորդ երիտասարդական համատեղ համաժողովը:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիան։ Նա առանձնակի կարևորել է հայ և վրացի երիտասարդների փոխադարձ շփումները՝ հույս հայտնելով, որ մասնակիցների համար ճամբարը կլինի ոչ միայն հաճելի, այլև արդյունավետ ժամանց:
Վրաստան կատարած այցի շրջանակում ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը հանդիպում է ունեցել նաև Վրաստանի մշակույթի նախարար Գեորգի Միրցխուլավայի և Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ Զվիադ Գաբիսոնիայի հետ: