ՀՀ-ում Վրաստանի դեսպան​ը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ նախագահի հետ

Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հյուրընկալել է ՀՀ-ում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան​ Գեորգի​ Սագանելիձեին՝ Հայաստանում դիվանագիտական առաքելությունն ավարտելու կապակցությամբ: Այս մասին ասվում է ՀՀ նախագահի պաշտոնական էջում:

Նախագահ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել դեսպան Սագանելիձեին՝ երկու բարեկամ երկրների միջև հարաբերությունների շարունակական զարգացման գործում ունեցած ներդրման համար և հետագա հաջողություններ մաղթել նրան: Նախագահն ընդգծել է, որ երկու երկրների միջև բարձր մակարդակով փոխայցելությունները, բոլոր ուղղություններով համագործակցությունը խորացնելու երկկողմ ջանքերը​ հնարավորություն են տալիս հետևողականորեն ամրապնդել միջպետական հարաբերությունները և պահպանել ու խորացնել երկու բարեկամ ժողովուրդների միջև կապերը:

Դեսպան Սագանելիձեն նշել է, որ ջերմ տպավորություններով է հեռանում երկրից ​և շարունակելու է մնալ Հայաստանի լավագույն բարեկամներից մեկը: