Հին գնով՝ հին երթուղայիններ․ Թբիլիսիի քաղաքապետարանը ելք է փնտրում

Թբիլիսիում երթևեկող երթուղայինների սակագների ավելացում չի քննարկվում՝ խոստանում է Թբիլիսիի քաղաքապետարանը։ 

Քաղաքապետարանը պահանջում է «Թբիլիսիի միկրոավտոբուս» մասնավոր ընկերությանը պատկանող դեղին երթուղայինները փոխել։ Քաղաքային իշխանություներն ասում են, որ գրեթե տասը տարի շահագործված միկրոավտոբուսները բացասաբար են ազդում շրջակա միջավայրի վրա ու չեն բավարարում ուղևորների պահանջները։ Կազմակերպությունն էլ ասում է՝ նոր երթուղայիններ ձեռք բերելու համար ֆինանսական միջոցներ չունեն։

Նախորդ շաբաթ քաղաքապետ Կախա Կալաձեն իր տեղակալ Իրակլի Խմալաձեին հանձնարարել էր բանակցություններ վարել «Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության հետ։ Փոխքաղաքապետն այսօր հաստատել է ընկերության խոսքերը՝ նոր միկրոավտոբուսների համար գումար չկա, միաժամանակ խոստացել է շաբաթվա ընթացքում խնդրի լուծում գտել։

«Թբիլիսիի միկրոավտոբուս» ընկերության տնօրեն Դավիդ Ասանիձեն ընդունում է, որ սպասարկման որակն էականորեն նվազել է, սակայն 2018 թվականին ընկերությունն այդպես էլ չկարողացավ փոխել միկրոավտոբուսները։ Ասում է՝ ելքը կլինի 20-30 թեթրիով (մոտ 0,06 — 0,1 դոլար) սակագնի ավելացումը, հակառակ դեպքում Թբիլիսին կմնա առանց միկրոավտոբուսների։

Թբիլիսիում երթուղայինի սակագինը երկար երթուղու համար 80 թեթրի է (մոտ 0,3 դոլար),կարճ ուղղություններով՝ 50 թեթրի (մոտ  0,2 դոլար)։

Ավելի վաղ Կալաձեն հրապարակել էր ֆրանսիական Sistra ընկերության հետազոտությունների արդյունքներն, ըստ որի՝  մայրաքաղաք Թբիլիսիին անհրաժեշտ են երթուղայիններ, քանի որ 8,10, 12 և 24 մետրանոց ավտոբուսներն ի վիճակի չեն երթևեկել նեղ փողոցներով։

Ներկայումս Թբիլիսին սպասարկում է 1,8 հազար միկրոավտոբուս, ամենօրյա ռեժիմով տրանսպորտից օգտվում է ավելի քան 600 հազար մարդ։