Հնարավոր արտահերթ ընտրությունները ևս 120/30 մոդելով կանցկացվեն

Իշխող «Վրացական երազանք» կուսակցության քաղխորհրդի և խորհրդարանի խոսնակ Արչիլ Թալակվաձեի հայտարարությամբ, օրենսդրական փոփոխությունների փաթեթում նշվելու է, որ եթե մինչև 2024 թվականը հարկ եղած դեպքում անցկացվեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ, դրանք կանցկացվեն նույն՝ 2020 թվականի մոդելով՝ 120/30: Այս մասին Թալակվաձեն հայտարարել է կուսակցության գրասենյակում տեղի ունեցած մամլո ասուլիսի ընթացքում:

Իշխող կուսակցության քաղխորհրդի անդամ Մամուկա Մդինարաձեն նշել է՝ նոր փոփոխությունների հետ կապված մեծամասնական պատգամավորները բողոքներ չունեն: Մդինարաձեի խոսքով, այս համակարգով ճգնաժամի ռիսկը բացառվում է, իսկ բոլոր բողոքները, որ նախկինում ունեցել են, հաշվի է առնված նոր օրենսդրական փոփոխություններում:

Մդինարաձեն ներկայացրել է մեծամասնական պատգամավորների հիմնական պահանջները, դրանք են՝  խառը ընտրական համակարգ և 2024 թվականին նույն համակարգով ընտրություններ, ինչպիսին 2020-ինն է: Այսինքն, չնայած այն բանին, որ ըստ սահմանադրության, 2024 թվականից խորհրդարանական ընտրությունները պետք է անցկացվեին բացարձակապես համամասնական ընտրակարգով, ընդդիմությունը ևս զիջել է իշխանությանը և համաձայնվել այս պահանջին:

Նշենք, նախօրեին տեղի ունեցավ միավորված ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչների որոշիչ հանդիպումը, որից հետո կողմերը հայտարարեցին՝ համաձայնության են եկել: Ընտրվել է 120/30 մոդելը, այսինքն՝ 2020 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում Վրաստանի խորհրդարանը կունենա 120 համամասնական, 30՝ մեծամասնական պատգամավոր: Բացի այս, սահմանվել է 40 տոկոսանոց պատնեշ և 1 տոկոս, նախկին 5-ի փոխարեն: