Վրաստանում շուրջ 110 հազար մարդ ամբողջությամբ պատվաստվել է

Վրաստանում շարունակվում են պատվաստումները կորոնավիրուսային հիվանդության դեմ: Հուլիսի 7-ի դրությամբ Վրաստանում ընդհանուր հաշվով իրականացվել է 277 872 պատվաստում: Ամբողջական պատվաստում (երկու դեղաբաժին) ստացել է 109 825 քաղաքացի: Վերջին մեկ օրվա ընթացքում իրականացվել է 4942 պատվաստում: 

Վրաստանում պատվաստման գործընթացը մեկնարկեց մարտի 15-ից՝ միայն բժշկական ոլորտի աշխատողների համար: Ավելի ուշ պատվաստվողների խումբն ընդլայնվեց և պատվաստվել սկսեցին նաև 65 տարեկանից բարձր քաղաքացիները: Այժմ AstraZeneca տեսակի պատվաստանյութով պատվաստվելու համար կարող են գրանցվել 45 տարեկանից բարձր քաղաքացիները:

Վրաստանը հունիսին ստացավ 1 մլն դեղաբաժին «Սինովակ» և «Սինոֆարմ» տեսակի պատվաստանյութեր, որոնցով կկարողանան պատվաստվել 18 տարեկանից բարձր քաղաքացիները:

Այս ամսվանից Վրաստանում նախատեսվում է բնակչության մասսայական պատվաստում իրականացնել: Ըստ Հիվանդությունների վերահսկման և հանրային առողջության կենտրոնի տնօրեն Ամիրան Գամկղրելիձեի հուլիսից օրական պատվաստումների քանակը պետք է հասնի 20-25 հազարի, սակայն հուլիսյան առաջին օրերին դեռ չի ստացվում հասնել ցանկալի արդյունքին: