«Հոգատարության նախարարություն». Էկատերինե Տիկարաձեի ղեկավարած գերատեսչությունը հաշվետվություն է ներկայացրել

«Առողջության պաշտպանություն, սոցիալական ապահովություն, աշխատանք, փախստականներ, հանրային առողջապահություն, անհետաձգելի բուժում». Էկատերինե Տիկարաձեի ղեկավարությամբ և բոլոր այս հարցերով զբաղվող նախարարությունը, ըստ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիայի, կարելի է «Հոգատարության նախարարություն» անվանել։

«Սա ակնհայտ էր վերջին 4 ամիսների ընթացքում, երբ Վրաստանը ևս հայտնվեց գլոբալ մարտահրավերի առջև»,- հայտարարել է երկրի վարչապետը Փախստականների, աշխատանքի,  առողջապահության և սոցիալական հարցերի նախարարության տարեկան հաշվետվության ներկայացման առիթով կազմակերպված միջոցառման ընթացքում:

Հաշվետվության զգալի մասը վերաբերել է նախարարության սկսած բարեփոխումներին ու վերջին 4 ամիսների ընթացքում արտակարգ ռեժիմով աշխատանքին: Գնահատելով նախարարության աշխատանքը՝ վարչապետը շնորհակալություն է հայտնել նախարարության բոլոր աշխատակիցներին՝ նախարար Էկատերինե Տիկարաձեի գլխավորությամբ:

«Բոլորս պետք է հիշենք, որ համաշխարհային համաճարակը միայն Վրաստանի առողջապահության համակարգի մարտահրավերը չէ: Թեև լավ հասկանում ենք, որ սա դեռ վերջը չէ, կարող ենք, սակայն, հպարտությամբ ասել, որ առողջապահության նախարարության աշխատանքը ստացված է»։

Նախարար Տիկարաձեն, իր հերթին, Վրաստանի՝ կորոնավիրոսի դեմ պայքարի հաջողությունը տեսնում է առաջին իսկ փուլում արագ արձագանքի ու ճիշտ կառավարման մեջ: Տիկարաձեն խոսել է նաև քաղաքացիների բարձր պատասխանատվության մասին: Նրա խոսքով՝ «առանց քաղաքացիների լուրջ վերաբերմունքի այս համակարգումն արդյունք չէր ունենա»։