Հոգեհանգստյան կարգ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի զոհերի հոգու խաղաղության համար

Այսօր` 2022 թվականի օգոստոսի 18-ին, Վիրահայոց թեմի գործող եկեղեցիներում, թեմակալ առաջնորդ հգշ. Տեր Կիրակոս վարդապետ Դավթյանի օրհնությամբ, կատարվել է հոգեհանգստյան կարգ Երևանի «Սուրմալու» առևտրական կենտրոնում տեղի ունեցած պայթյունից մահացած անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար, հայտնում է Վիրահայոց թեմի մամլո դիվանը:

«Թբիլիսիի Սուրբ Գևորգ առաջնորդանիստ և Հավլաբարի Սուրբ Էջմիածին եկեղեցիներում, հոգևորականաց և սարկավագաց դասի մասնակցությամբ կատարված ընդհանրական հոգեհանգստյան արարողությունը նաև հորդոր էր հայորդիներին` աջակից ու զորավիգ լինել միմյանց այս ծանր իրավիճակը հաղթահարելու համար»,- նշված է տեղեկության մեջ:

Ներկաները մոմեր են վառել ննջեցյալների հոգու խաղաղության համար:

Հիշեցնենք, որ Երևանի «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունը տեղի է ունեցել կիրակի օրը՝ օգոստոսի 14-ին, ժամը 13:23-ին. պիրոտեխնիկայի պահեստում հրդեհ է բռնկվել, որից հետո պայթյուն է որոտացել: