Հոգևորականն այլևս չի կարող օգտվել զորակոչի տարկետման իրավունքից

Վրաստանում վերջին 7 տարում (2016-2022 թվականներին) հոգևորական ծառայության կամ հոգևոր ճեմարանում սովորելու հիման վրա պարտադիր զինվորական ծառայությունը հետաձգվել է 55 հազար 321 քաղաքացու դեպքում, փոխանցում է InterPressNews-ը:

Ըստ տվյալների՝ նշված ժամանակահատվածում, պարտադիր զինվորական ծառայություն է անցել 774 հազար 103, իսկ զորակոչից ազատվել է 24 հազար 717 մարդ։

Բացի այդ, վերջին 7 տարիների ընթացքում ուսանողի կարգավիճակի պատճառով զինվորական ծառայության չի մեկնել 286 հազար 673 մարդ:

Ի դեպ, խորհրդարանում ներկայացվել է ՊՆ-ի նախաձեռնած Պաշտպանության օրենսգրքի նախագիծը, որն իր մեջ ներառում է մի շարք նորամուծություններ։ Կարևոր նորություններից մեկն այն է, որ պարտադիր զինվորական ծառայությունը կիրականացվի միայն ՊՆ համակարգում։

Բացի այդ, ըստ նախագծի, հոգևորականն այլևս չի կարող օգտվել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքից: