Մեկ միլիոն ստորագրություն ԵՄ-ի համար․ նոր արշավ է մեկնարկում

Վրաստանում «Մեկ միլիոն ստորագրություն Եվրամիության համար» խորագրով նոր արշավ է մեկնարկել: Վրաստանի ցանկացած քաղաքացի, ով կարծում է, որ Եվրամիությանն անդամակցելը վրաց ժողովրդի ընտրությունն է, կարող է փաստաթուղթը ստորագրել էլեկտրոնային եղանակով։

Արշավի կազմակերպիչները վրացական ընդդիմադիր կուսակցություններն են։

«Քանի որ Վրաստանի կառավարությունը չի կատարում երկրի Սահմանադրությամբ ստանձնած պարտավորությունը Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին անդամակցելու հետ կապված, ես համաձայն եմ, որ մինչ իշխանափոխությունը՝ արևմտամետ ընդդիմության ներկայացուցիչները բանակցություններ վարեն արևմտյան գործընկերների հետ Վրաստանի՝ ԵՄ-ի թեկնածուի կարգավիճակի և, հետևաբար, Վրաստանի՝ Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցության հարցի շուրջ», — նշված է ստորագրության տեքստում։

Ըստ արշավի հեղինակների՝ սա միակ ճանապարհն է, որով իրենք վրացի ժողովրդի մանդատով, կարող են ուղղակիորեն սկսել խոսել Վրաստանի եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ։

«Այս միլիոն ստորագրությունները կհասնեն Վաշինգտոն, եվրոպական մայրաքաղաքներ, Բրյուսել, այդպիսով մենք հստակ կարտահայտենք վրաց ժողովրդի կարծիքը, որ Վրաստանն արժանի է լինել Եվրամիության և ՆԱՏՕ-ի անդամ, Վրաստանը կանգնած է քաղաքակիրթ աշխարհի կողքին, և ոչ մի կառավարություն և քաղաքական խմբավորում, որքան էլ կապված լինի Ռուսաստանի հետ, չի կարող փոխել մեր դիրքորոշումն այս կարևոր առաքելության վերաբերյալ», — նշված է արշավի կազմակերպիչների հայտարարության մեջ։

Ստորագրության տեքստը հասանելի է հետևյալ հղմամբ: