Այս օրը մեր պատմության մեջ մի նոր էջ բացվեց․ վարչապետ

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի՝ Եվրամիությանն անդամակցելու պաշտոնական դիմումի ներկայացման 1-ամյակի կապակցությամբ։

«2022 թվականի մարտի 3-ին ես առանձնահատուկ պատիվ ունեցա ստորագրելու մի փաստաթուղթ, որը մարմնավորում է վրացիների բազմաթիվ սերունդների երազանքը, մեր ժողովրդի դարավոր ձգտումը։ Այս օրը մեր պատմության մեջ մի նոր էջ բացվեց։ Շատ շուտով Եվրամիության խորհրդի կողմից Վրաստանի եվրոպական հեռանկարի ճանաչումը մեզ էլ ավելի կմոտեցնի ազատ ազգերի եվրոպական ընտանիքի անդամակցությանը», — հայտարարության մեջ նշել է Ղարիբաշվիլին։

Վարչապետը երախտագիտություն է հայտնել գործընկեր երկրների կառավարություններին, բոլոր նրանց, ովքեր եվրաինտեգման նպատակն իրականություն դարձնելու ճանապարհին կանգնած են Վրաստանի կողքին։

«Ես խորապես հավատում եմ, որ մեկ տարի առաջ սկսված այս պատմական գործընթացը շուտով կավարտվի Եվրամիությանը Վրաստանի լիիրավ անդամակցությամբ», — վստահեցրել է կառավարության ղեկավարը։

Հիշեցնենք՝ Վրաստանը ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալու համար պետք է մինչև 2023 թվականի վերջը կատարի Եվրահանձնաժողովի 12 հանձնարարականները։