Բաքվում քրեական գործ են հարուցել Աբխազիայից Ղարաբաղ մեկնած անձանց նկատմամբ

Բաքվում  քրեական գործ են հարուցել Աբխազիայում բնակվող էթնիկ հայերի նկատմամբ, որոնք մեկնել ու մասնակցել են Ղարաբաղի պատերազմին:

Ադրբեջանի գլխավոր դատախազությունից հայտնել են, որ հոկտեմբերին 20 հոգուց կազմված խումբը հանդիպել է Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ` պատերազմական գործողություններում իրենց մասնակցությունը քննարկելու նպատակով: Նշվում է, որ նրանք Հայաստան են հասել «համապատասխան պետական կառույցների աջակցությամբ», հետո «Ադրբեջանի` օկուպացված տարածքներում գտնվող անձանց հետ հանցավոր խումբ են կազմել»:

«Հաստատվել է, որ նրանք օգտագործվել են Հայաստանի ռազմաքաղաքական ռեժիմի կողմից` որպես վարձկաններ խաղաղ բնակչության դեմ»:

Գործով անցնող գլխավոր մասնակիցը Աբխազիայի հայերի միության ղեկավար Գալուստ Տրապիզոնյանն է:

Աբխազիայից մեկնած կամավորների մասին լուրը լրատվամիջոցներում հայտնվեց նոյեմբերի 6-ին:  «Կովկասի արձագանքը» ռադիոկայանին տված հարցազրույցում Տրապիզոնյանն ասել է, որ  «իրենք միայն մեկ օր են մասնակցել գործողություններին»:

Քրեական գործը Ադրբեջանի գլխավոր դատախազությունը քննում է մի քանի հոդվածներով` «ագրեսիվ պատերազմի վարում», «նախնական համաձայնությամբ մտածված սպանություն անձանց խմբի կողմից», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում»: