Հունվար-ապրիլին Վրաստանից 26 մլն շիշ գինի է արտահանվել

2019թ հունվար-ապրիլ ամիսներին Վրաստանից աշխարհի 38 երկրներ 26 մլն շիշ (0,75-ական լիտր) գինի է արտահանվել, ինչը 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 4 տոկոսով ավելի է: Արտահանված գինու արժեքը հասնում է 63,2 մլն դոլարի, այն 2018-ի նույն ժամանակահատվածի տվյալները գերազանցում է 7 տոկոսով:

«Ինտերպրեսնյուսին» Վրաստանի գինու ազգային գործակալությունից տեղեկացրել են, որ վրացական գինու իրացումն աճել է ԱՄՆ-ի, Ասիայի և Եվրոպայի ուղղությամբ: Արտահանումն աճել է ընդհանրապես վրացական գինու ռազմավարական շուկաներում:

Գինու ազգային գործակալության ղեկավար Լևան Մեխուզլան շեշտը դնում է հատկապես վրացական գինու ռազմավարական շուկաներ արտահանման ծավալների աճի վրա, այդ թվում ԱՄՆ-ի, որը արտահանման առաջին տասնյակում է: