Ի՞նչ կփոխեի իմ համայնքում. գյուղ Դամիա

Ողջո՜ւյն, ես Աստղիկ Խաչատրյանն եմ, 17 տարեկան։ Ապրում եմ Վրաստանում, Մառնեուլիի շրջանի Դամիա գյուղում։ Սովորում եմ տեղի հանրակրթական դպրոցի XII դասարանում։

Դեռ մի քանի տարի առաջ, եթե ինձ հարցնեին, թե ի՞նչ կցանկանայի ավելացնել իմ գյուղում, ես կասեի՝ առաջին հերթին գյուղը ջրով ապահովել, երկրորդը՝ գազով, երրորդը՝ կցանկանայի ճանապարհը վերանորոգել, որովհետև այլևս անհնար էր այդ ճանապարհով տրանսպորտի երթևեկությունը, էլ չեմ ասում ճանապարհին գոյացած դանայան տակառի նմանված անվերջանալի ջրափոսերի մասին։

Բայց այսօր, ուրախությամբ նշում եմ, որ գյուղս արդեն մի քանի տարի է ապահովված է և՛ գազով, և՛ ջրով, և՛ լավ ճանապարհով, և՛ ցերեկային լույսերով, որոնք Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհից ընհամենը 3 կմ կտրված, բարձր սարերով, կանաչ ու փարթամ բնությամբ շրջապատված գյուղիս ավելի ակնառու են դարձնում։

Սակայն միշտ երազել եմ, որ մեր գյուղում բացվի երիտասարդական կենտրոն, որտեղ կացկացվեն տարբեր թեմաներով դասընթացներ, կլինեն տարբեր ակտիվություններ, կկազմվեն պարի (և ոչ միայն) խմբակներ։

Անկեղծանալով կասեմ, որ գյուղում երեխաները սահմանափակվում են դպրոցի դասերով և դպրոցում կազմակերպվող ակտիվություններով։

Ես փոքրուց ի վեր ձգտել եմ ակտիվ լինել։ Տարիներ առաջ, չնայած կարճ ժամանակահատվածով, բայց պարի ուսուցիչ էր գալիս գյուղ, խումբ հավաքում  և պարեր սովորեցնում գյուղի երեխաներին։ Բայց դա մշտական չէր, տևում էր շատ կարճ և մենք՝ երեխաներս, սահմանափակվում էինք դպրոցով։

Իմ կարծիքով, եթե ոչ բոլորը, ապա գյուղի երեխաների, երիտասարդության 80 տոկոսը սիրում է ակտիվ կյանք վարել և ամեն պատեհ առիթի ներգրավվում է տարբեր նախագծերում։ Երիտասարդական կենտրոնը հնարավորություն կտա երեխաներին ձևավորել և բարձրաձայնել իրենց կարծիքը, սովորել ավելի ազատ շփվել հասարակության հետ, և միգուցե հետագայում նրանք կկարողանան իրենց ակտիվությամբ առաջ գնալ և որևէ լավ գործ անել գյուղի համար, օգնել գյուղին էլ ավելի զարգանա և աչքի ընկնի իր լավագույն երիտասարդներով։ Եվ ի վերջո, այս ամենը կօգնի նրանց ինտեգրվել հասարակության մեջ և դառնալ իրազեկ քաղաքացի։

Հեղինակ՝ Աստղիկ Խաչատրյան, Մառնեուլի, գյուղ Դամիա

Նյութը պատրաստվել է «Ալիք Մեդիայի» նոթերի մրցույթի շրջանակներում: Հեղինակի կարծիքը կարող է չհամընկնել «Ալիք Մեդիայի» խմբագրակազմի հայացքների հետ: