Ուսուցանիր վրացերենն անվճար. պահանջում են վերանայել 1+4 ծրագիրը

Վրաստանում արդեն մեկ շաբաթ է համացանցում բուռն քննարկման առիթ է դարձել «ուսուցանի՛ր վրացերեն անվճար» և «վրացերենը 2 250 լարիո՞վ» (#მასწავლექართულიუფასოდ, #ქართული2250ლარად?) հեշթեգներով էթնիկ փոքրամասնությունների կողմից սկսված նախաձեռնությունը։

Նախաձեռնության նպատակը վրաստանյան բուհերում «1+4» ծրագրով սովորող էթնիկ փոքրամասնությունների ուսանողների (հայ, ադրբեջանցի, օս և աբխազ) համար նախապատրաստական (զրո) կուրսի ուսման վարձը, որը կազում է 2 250 լարի, չեղարկելն է:

Նշենք, որ «1+4» ծրագրով բուհ ընդունված էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչները զրո կուրսում սովորում են հիմնականում վրացերեն, որից հետո փոխադրվում են առաջին կուրս և ստանում բակալավրի կրթությունն՝ իրենց ընտրած մասնագիտությամբ։

Նախաձեռնությունը սկսել է «Սալամի» հարթակը: «Սալամիի» համահիմնադիր Քյամրան Մամմեդլին «Ալիք Մեդիայի» հետ զրույցում ասում է, որ վրացերնի խնդիրը էթնիկ փոքրամասնություններով բնակացված վայրերում գալիս է մանկապարտեզներից և նախակրթարաններից, ինչն էլ հիմք է հանդիսանում, որ էթնիկ փոքրամասնության ներկայացուցիչներն անհավասարության հանդիպեն։

«Ինչ խոսք, «1+4» ծրագիրը շատ հաջողված է, բայց մեր հիմնական նպատակն այն է, որ նախապատրաստական առաջին տարում, երբ ուսանողը վրացերեն է սովորում, չպետք է պետությանը գումար վճարի»,- ասում է Մամմեդլին՝ հավելելով, որ պետության պարտավորությունն է պետական լեզուն իր քաղաքացիներին անվճար սովորեցնելը։

Մամմեդլին նաև ընդգծում է, որ կրթության ոլորտում վրաց լեզվի իմացությունը համակարգային խնդիր է, բայց պետությունն ունի նաև պարտավորություն՝ ապահովելու միջավայր, որտեղ էթնիկ փոքրամասնությունները կարող են ինտեգրվել.

«Եվ դա է պատճառը, որ կրթության ոլորտի ներկայացուցիչները կրթական քաղաքականությունը պետք է այնպես վարեն, որ նման խնդիր չառաջանա»։

Հարցին, թե ինչու հենց այս փուլում սկսեցին արշավը, Մամմեդլին ասում է.

«Արդեն քանի տարի է (2010-ից, խմբ․) գործում է «1+4» ծրագիրը և այդքան տարի պետական լեզուն սովորելու համար պետությունը ուսանողներին վճարել է պարտավորեցնում։ Եվ ցավոք, ոչ նախակրթարաններում, ոչ դպրոցներում, և ոչ էլ համալսարաններում պետությունը չի կարողանում վրացերենի նորմալ կրթություն ապահովել էթնիկ փոքրամասնությունների համար։ Այդ իսկ պատճառով, որոշեցինք սկսել այս նախաձեռնությունը»։

Նա նաև շեշտում է, որ կրթական գերատեսչությունների հետ միշտ կապի մեջ են եղել հարցով, անգամ խորհրդարանում բյուջեի քննարկումներում այն ներառված էր:

«Սակայն խնդրի լուծման վերաբերյալ վերջնական դիրքորոշում, ցավոք, դեռևս չկա»,- նկատում է Մամմեդլին։

Մամմեդլին նաև նշում է, որ նախաձեռնությանը միացել են թե՛ էթնիկ փոքրամասնության հայ և ադրբեջանցի ներկայացուցիչներ, թե՛ վրացի ներկայացուցիչներ։ Հստակ թիվ՝ ցավոք, դժվարանում է ասել։

Քաղաքացիական ակտիվիստ, նույն ծրագրով Իլիայի պետական համալսարանի շրջանավարտ Տիգրան Թարզյանը, որ նույնպես միացել է արշավին, «Ալիքի» հետ զրույցում ավելի վաղ բարձրացնելով հարցը, ասել է․

«Այս ծրագրի գոյությամբ, փաստացի, պետությունը հաստատում է, որ չի կարողանում ապահովել իր քաղաքացիների համար պետական լեզվի ուսուցումը դպրոցներում»։

Նշենք, որ Վրաստանում էթնիկ փոքրամասնությունների ներկայացուցիչների՝ վրաց հասարակությունում ինտեգրման ուղիներից առաջատարը, անխոս, կարելի է համարել «1+4» կրթական ծրագիրը, որն ամեն տարի հազարավոր հայ, ադրբեջանցի, օս և աբխազ դիմորդների հնարավորություն է տալիս բարձրագույն կրթություն ստանալ Վրաստանի պետական բուհերում: Հանձնելով ընդամենը մեկ քննություն՝ մայրենի լեզվով (Վրաստանում ընդունելության քննությունները 4-ն են), փոքրամասնությունների ներկայացուցիչներն ընդունվում են նախապատրաստական կուրս՝ մեկ տարի սովորելով վրացերեն, ինքնաբերաբար դառնում երկրի պետական բուհի բակալավրի ուսանողներ:

Կարդացեք նաև՝

«1+4»․ կնճռոտ հարցեր վրացերենի ուսուցան հարցում