Երեկվա օրը համառոտ. ապրիլի 1

Ապրիլի 1-ին Վրաստանում կորոնավիրուսով վարակման ընդհանուր թիվը հասավ 1 648 653-ի: Մեկ օրում արձանագրվել է 407 նոր դեպք: Երկրում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 1 626 296։

Ըստ Վրաստանի կառավարության՝ երեկ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման կառավարական հանձնաժողովի 61-րդ նիստը։ Մանրամասն՝ այստեղ։

Վրաստանի պետական անվտանգության ծառայությունը հայտնում է, որ ռուսական ուժերը օկուպացված Վերին Արցեվի գյուղի հարակից տարածքում ձերբակալել են Վրաստանի քաղաքացու: ՊԱԾ-ն անմիջապես դիմել է Վրաստանում ԵՄ դիտորդական առաքելությանը։

Վրաստանում առաջին դասարանցիների դպրոց ընդունվելու տարիքը հնարավոր է փոխվի։ Այս մասին ուսումնասիրություն է անցկացնում խորհրդարանի կրթության և գիտության հանձնաժողովը՝ աշխատելով մանկավարժների, հոգեբանների և մեթոդիստների հետ՝ պարզելու՝ թե որն է երեխայի դպրոց հաճախելու լավագույն տարիքը։

Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Ղազախստանը ստորագրել են «Տրանսկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի մասին» քառակողմ հռչակագիր, որն ընդգծում է Անդրկասպյան Արևելք-Արևմուտք միջանցքի կարևորությունը և հռչակագրի մասնակից պետությունների տարանցիկ ներուժի ամրապնդմանն ուղղված քայլերը։

Այս տարի նիդերլանդական տերմինալների խոշոր օպերատոր IPM Terminals ընկերությունը Վրաստանում կանցկացնի Սև և Կասպից ծովերի նավահանգիստների և նավագնացության միջազգային համաժողով։ Այն տեղի կունենա ապրիլի 6-ին և 7-ին, Փոթի քաղաքում, Paragraph հյուրանոցում։

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) գրանցել է Tbilisi Pride-ի և այլոց գործն ընդդեմ Վրաստանի բողոքը։ Փոխանցում է Վրաստանում ԼԳԲՏ համայնքը ներկայացնող Tbilisi Pride կազմակերպությունը։

Վրաստանի իշխող «Վրացական երազանք» կուսակցության գործադիր քարտուղար Մամուկա Մդինարաձեն ասել է, որ Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլին Ուկրաինայում պատերազմի սկսման մասին գիտեր և այդ պատճառով էլ եկել է Վրաստան։ Ըստ Մդինարաձեի, այն վարկածը, որ Սաակաշվիլին «ինչ-որ բան նախորոք է իմացել», հաստատվում է նաև այն փաստով, որ նա Վրաստան ՏԻՄ ընտրությունների շրջանում եկավ, «չհամարձակվեց» գալ  ավելի կարևոր պահի՝ խորհրդարանական ընտրությունների ժամանակ։

Ռուսաստանի Դաշնության Խորհրդի միջազգային հարաբերությունների կոմիտեի փոխնախագահ Անդրեյ Կլիմովի կարծիքով, Աջարիան կարող է հետևել Աբխազիայի և Հարավային Օսիայի օրինակին և «սկսել Վրաստանից անջատման ընթացակարգեր»։ Կլիմովն արձագանքել է Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի այն հայտարարությանը, թե Թբիլիսին մասնակցում է Ռուսաստանի դեմ սահմանված բոլոր միջազգային ֆինանսական պատժամիջոցներին։ Կլիմովի խոսքով՝ Զուրաբիշվիլին այս հայտարարությունն արել է՝ ի պատասխան Անատոլի Բիբիլովի այն նախաձեռնության, որ Ցխինվալին ցանկանում է մտնել Ռուսաստանի կազմ։

Հետազոտական ​​ռեսուրսների կովկասյան կենտրոնի (CRRC) «Կովկասյան բարոմետր 2021» հետազոտության արդյունքների համաձայն՝ Վրաստանում հարցված բնակչության հուզող ամենակարևոր խնդիրներից են գործազրկությունը, աղքատությունը և գնաճը։ Նշվում է, որ դրանք տարիներ շարունակ եղել են բնակչության համար ամենացավոտ խնդիրների առաջին եռյակում, ավելին՝ այստեղ։

Հաջողությամբ ավարտվել է Liberty bank ՓԲԸ-ի կողմից VTB բանկ Վրաստան ԲԲԸ-ի ոսկու գրավատան պորտֆելի տեղափոխման գործընթացը: Գործընթացն իրականացվել է օպերատիվ, ամենակարճ ժամկետներում, և տեղափոխման վերաբերյալ համապատասխան շփումն իրականացվել է յուրաքանչյուր հաճախորդի հետ անհատապես՝ բոլոր վարկառուների շահերին լիովին համապատասխան։

Եվ վերջում՝ ապրիլի 1-ի առուվաճառքի արդյունքում Վրաստանի ազգային արժույթը ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 0,22 թեթրիով, ինչի արդյունքում մեկ դոլարի դիմաց պաշտոնական արժեքը կազմել է 3,0918 լարի։ Ազգային արժույթը եվրոյի նկատմամբ ամրապնդվել է 0,81 թեթրիով, ինչի արդյունքում մեկ եվրոյի պաշտոնական արժեքը դարձել է 3,4195 լարի։