Տեղի է ունեցել Վրաստանի եվրաինտեգրման կառավարական հանձնաժողովի 61-րդ նիստը

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի գլխավորությամբ տեղի է ունեցել ԵՄ-ին Վրաստանի ինտեգրման կառավարական հանձնաժողովի 61-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք կառավարության ֆեյսբուքյան էջից։

Նշվում է, որ հանդիպման օրակարգի հիմնական հարցը ԵՄ-ին անդամակցելու Վրաստանի պաշտոնական դիմումի հետ կապված նոր իրողություններն ու հեռանկարներն էին։ Հանդիպմանը ընդգծվել է, որ դիմումից հետո Վրաստան-Եվրամիություն հարաբերությունները թևակոխել են նոր փուլ, երկիրը հաջողությամբ շարունակում է ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրով և Ասոցացման օրակարգով նախատեսված բարեփոխումներն ինչպես ԵՄ-ի հետ օրենսդրական, այնպես էլ ինստիտուցիոնալ մերձեցման առումով։

«Որոշում է կայացվել, որ հանձնաժողովի կազմում կստեղծվեն մշտական ​​աշխատանքային խմբեր, որոնք կաշխատեն ԵՄ-ից ստացված հարցաթերթիկների կատարման ուղղությամբ, բացի այդ, կակտիվանա ԵՄ անդամ երկրների հետ անհատական ​​երկխոսության գործընթացը։

Վրաստանի խորհրդարանն ակտիվորեն կներգրավվի գործընթացում՝ օրենսդրական ուղղությամբ արդյունավետ քայլեր ձեռնարկելու համար։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ռազմավարական հաղորդակցությանը, որպեսզի Վրաստանի քաղաքացիները տեղեկացված լինի ԵՄ հարցաշարի լրացման գործընթացում ձեռնարկվելիք քայլերի մասին։ Յուրաքանչյուր գերատեսչություն հանձնարարականներ է ստացել վարչապետից՝ հնարավորինս սեղմ ժամկետներում և արդյունավետ կերպով ձեռնարկել բոլոր անհրաժեշտ քայլերն այս ճանապարհին»,- ասված է տարածած հաղորդագրության մեջ։

Հանձնաժողովն այսօրվա նիստում հաստատել է 2022 թվականի Վրաստանի եվաինտեգրման գործողությունների ազգային ծրագիրը, լսել է 2021 թվականի ծրագրի կատարման հաշվետվությունը, ինչպես նաև քննարկել է ԵՄ Արևելյան գործընկերության առաջատար նախագծերը և դրանց իրականացման հեռանկարները։ Այս հարցերի շուրջ հիմնական զեկուցողն էր Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Դավիթ Զալկալիանին։

«Եվրամիությանը Վրաստանի ինտեգրման կառավարական հանձնաժողովը ԵՄ-ին անդամակցման հարցերի վերաբերյալ որոշումներ կայացնող հիմնական մարմինն է, որի խնդիրն է վերահսկել եվրաինտեգրման գործընթացը, ներառյալ Եվրամիության հանդեպ ստանձնած պարտավորությունների կատարումը: Հանձնաժողովի նիստերը կանցկացվեն կանոնավոր, կքննարկվի այն առաջընթացը, որը Վրաստանը կհասցնի ԵՄ ինտեգրման և ունեցած խնդիրների կատարման ճանապարհին։ Գործընթացն ուղղակիորեն վերահսկվելու է վարչապետի կողմից»,- ասված է տարածած  հաղորդագրության մեջ։

Վրաստանը ԵՄ անդամակցության հայտ է ներկայացրել. ինչ կլինի հետո