Ի՞նչ պետք է իմանալ անվտանգ համացանցի և մեդիագրագիտության մասին

Այսօր՝ փետրվարի 8-ին միջազգային հանրությունը նշում է անվտանգ համացանցի օրը (SID), որին արդեն 3-րդ տարին է միանում է նաև Վրաստանը։

Անվտանգ համացանցի օրը նշվում է 2005 թվականից, ամեն տարվա փետրվար ամսին Insafe / INHOPE համատեղ ցանցի կողմից: 

Անվտանգ համացանցի օրվա նպատակն է ստեղծել ավելի ապահով թվային տարածք և խթանել մեդիագրագիտությունը, հատկապես երեխաների և դեռահասների, ինչպես նաև նրանց ծնողների և ուսուցիչների շրջանում՝ զարգացնելով նրանց համապատասխան հմտությունները:

«Մեդիագրագիտության դերը, հատկապես համավարակի ժամանակ, շատ մեծ է, քանի որ շատ կեղծ տեղեկություններ են տարածվում վարակի և պատվաստման մասին, որը կարող է վատ ազդեցություն ունենալ մարդու առողջության վրա։ Թվային տարածքը լի է բազմաթիվ կեղծ տեղեկություններով, որոնց վավերականությունն անորոշ է և ծառայում է ավելի մեծ մասշտաբով որոշակի անձին կամ հասարակությանը վնասելուն» — «Ալիք մեդիայի» հետ զրույցում նշում է թվային անվտանգության և մեդիագրագիտության թեմայով դասընթացավար Անա Խարեբաշվիլին։

Նա խորհուրդ է տալիս միշտ համոզվել տեղեկության ճշգրտության մեջ, հետո միայն տարածել այն․

«Ապատեղեկատվությունը, ինչպես գիտենք, ավելի արագ է տարածվում, քան ճշմարտացի, փաստերի վրա հիմնված տեղեկատվությունը, ուստի այն վերացնելը բավականին դժվար է։ Ահա թե ինչու մենք պետք է հաշվի առնենք հետևյալ խորհուրդները.

  1. Միշտ ուշադրություն դարձրեք աղբյուրին, որտեղից վերցված է տեղեկությունը։
  2. Դիտեք վերնագրի և հիմնական տեքստի համապատասխանությունը։
  3. Ուշադրություն դարձրեք հրապարակման ամսաթվին։
  4. Փնտրեք առաջին աղբյուրը։
  5. Մի՛ կիսվեք, եթե վստահ չենք տեղեկատվության ճշգրտության մեջ, քանի որ միշտ պետք է հիշենք, որ մեր տրամադրած պատմությունը կարող է շատերին մոլորեցնել, ուստի նախ ստուգենք, հետո տարածենք»։

People In Need կազմակերպության աշխատակից, թվային տեխնոլոգիաների և կեղծ լուրերի դեմ պայքարի մասին նախագծերի հեղինակ Թեոնա Փուրցխվանիձեն, ով Սամցխե-Ջավախեթիում և Քվեմո Քարթլիում աշխատում է երիտասարդների հետ այս հարցերի շուրջ, «Ալիք Մեդիային» հետ զրույցում հայտնում է մի քանի միջոցների մասին, որոնք կկարողանան օգնել հայտնաբերել կեղծ տեղեկատվությունն ու կեղծ պրոֆիլը․

«Մեր ժամանակներում սոցիալական ցանցերը մեծ տարածում ունեն։ Դրանք ունեն բազմաթիվ առավելություններ։ Այնուամենայնիվ, պետք է զգույշ լինել, քանի որ հաճախ են լինում դեպքեր, երբ սոցիալական ցանցերում հանդիպած պրոֆիլը կեղծ է։ Ես ուզում եմ կիսվել մի քանի խորհուրդներով, թե ինչպես հայտնաբերել կեղծ պրոֆիլը․

  1. Պետք է դիտարկել լուսանկարը, որքանով է իրական և ստուգել այն google image-ի միջոցով:
  2. Ուշադրություն դարձնել ընկերներին։
  3. Կարևոր է, թե որքան ակտիվ է այս մարդու պրոֆիլը։
  4. Արդյո՞ք նա նշել է բնակության վայրը կամ ուսումնական հաստատությունը և այլն»:

Փուրցխվանիձեն նաև նշում է թե ինչ վտանգներ կարող են առաջանալ նման անձանց վստահելու դեպքում․

«Կարող են լինել դեպք, երբ, օրինակ՝ գումարի դիմաց առաջարկեն տեղեկություն տրամադրել ազգականից։ Դուք չպետք է խաբվեք և փորձեք կապվել այս անձի հետ բջջային հեռախոսով: Համացանցն ու սոցիալական ցանցերն իսկապես արագ կապի լավ միջոցներ են, բայց, միևնույն ժամանակ, պետք է շատ զգույշ լինել ինտերնետից օգտվելիս»։

USAID-ի շրջանակներում մեդիագրագիտության «երիտասարդ դեսպանը» Ջավախքից՝ Վալերյա Օգանեսյանը, ով ևս աշխատել է այս ոլորտում և դասընթացներ անցկացրել երիտասարդների և դպրոցահասակների հետ, նշում է, որ Ախալքալաքում ևս այս հարցն ակտուալ է․

«Մեդիագրագիտության հետ կապված խնդիրը շատ տարածված է հատկապես Ախալքալաքում, այստեղ մարդիկ ցանկացած նորության հավատում են առանց ստուգելու դրանց իրավասությունը և աղբյուրի վստահելի լինելը։ Այս թեմայով թրեյնինգներ անելը բավականին լավ մեթոդ է այս խնդրից ազատվելու համար։

Իհարկե, միանգամից ոչ մի խնդիր չի լուծվում, քայլ առ քայլ պետք է հասնենք մեր նպատակին»։

Օգանեսյանն ընդգծում է՝ ամենատարածված, բայց միաժամանակ կարևոր խորհուրդներից մեկը՝ կոչ անելով ստուգել տեղեկության հավաստիությունը վերոնշյալ միջոցներով․

«Ուզում եմ տալ միայն մեկ խորհուրդ, որպես այս թեմայի հետ բավականին երկար ժամանակ առնչվող մարդ, գրեթե բոլորս բազմիցս լսել ենք այս, բայց կրկին կա դրա անհրաժեշտությունը, երբեք մի հավատացեք և մի տարածեք ցանկացած աղբյուրից ստացած նորություն՝ առանց դրանց հավաստիությունը ստուգելու»։