Իլիայի պետական համալսարանը կրթական նոր բարեփոխումների շրջանակում հնարավորություն կունենա ընդունելություն իրականացնելու միայն մանկավարժական և միջազգային հավատարմագրում ունեցող ինժեներական (STEM) ծրագրերով։
Որոշումը հիմնված է «մեկ քաղաք — մեկ ֆակուլտետ» սկզբունքի վրա, ինչը ենթադրում է ծրագրերի որոշակի բաշխում պետական համալսարանների միջև։
Այս տեղեկությունը կառավարության շենքում կայացած ճեպազրույցի ժամանակ հայտնել է «Վրացական երազանք»-ի կրթության նախարար Գիվի Միքանաձեն։
Նախարարի պարզաբանմամբ՝ պետական համալսարանների քվոտաները բաշխվել են ըստ նրանց «ավանդական պրոֆիլի»։ Իլիայի պետական համալսարանի դեպքում առաջնահերթություն են սահմանվել հետևյալ ուղղությունները.
• Մանկավարժական ծրագրեր,
• STEM մասնագիտություններ, որոնք ունեն ABET-ի (Ինժեներական և տեխնոլոգիաների հավատարմագրման խորհուրդ) միջազգային հավատարմագրում։
Բարեփոխումը չի վերաբերում միջազգային հավատարմագրում ունեցող համատեղ կամ երկակի աստիճանի ծրագրերին։ Դրանք բոլոր պետական համալսարաններում կպահպանվեն անփոփոխ։
Միքանաձեի խոսքով՝ չնայած ֆակուլտետների վերակազմավորմանը (ռեստրուկտուրիզացիային), 2026-2027 ուսումնական տարում պետական համալսարանների ընդունելության ընդհանուր թիվը կավելանա 2000-ով և կհասնի 21 հազար 300-ի։ Դրանից բացի, 10 հազար տեղ կհատկացվի մասնագիտական ծրագրերին, որտեղ ուսուցումն անվճար կլինի։