Իմ գյուղը. Նարդևան

Ներկայացնում ենք «Իմ գյուղը» թեմայով շարադրությունների մրցույթին ներկայացված հերթական շարադրությունը: Մրցույթին մասնակցում են Վրաստանի հայկական գյուղերի աշակերտները և ոչ միայն: Ուղարկեք ձեր գյուղի մասին պատմող շարադրությունները մեզ, և դրանք տեղ կգտնեն մեր կայքում ու ֆեյսբուքյան էջում:

Իմ գյուղը չի դադարում իր կարևորությամբ հանդես գալ ողջ Ծալկայի շրջանում և նրա սահմաններից դուրս…

Իմ գյուղի՝ Նարդևանի անվանումը շատ հետաքրքիր ծագում ունի: Դեռ հին ժամանակներից այնտեղ պահվող ուղտերի քարավաններին մեր գյուղացիները նարդեր էին անվանում, իսկ ուղտերին՝ դևեր, ինչից էլ ծագել է գյուղի անվանումը՝ Նարդևան, իսկ արևմտյան բարբառով՝ Նարդիվան։ Գյուղում հիմնականում ապրում են հայեր, այն հիմնադրվել է 1830 թվականին: Այդ ժամանակ Արևմտյան Հայաստանից մոտ 10,000 գաղթական եկավ Ծալկայի տարածաշրջան, որոնց մեծ մասը բնակություն հաստատեց Նարդևանում: Ցավոք, տարիների ընթացքում այդ թիվը նվազեց: Ծալկայի շրջանի հայաբնակ մյուս գյուղերում էլ հիմք են դրել Արևմտյան Հայաստանում թշնամու չարչարանքները հաղթահարած և Սուրբ հայրենիքից գաղթածները: Չնայած հայրենի հողից հեռավորությանը և գտնվելով օտար հողի վրա, միևնույնն է, նարդևանցիները պահպանեցին հայկական մշակույթը:

Նարդևան գյուղն ունի իր յուրահատուկ ծեսերը, որը ժառանգել է Արևմտյան Հայաստանի Էրզրումի գավառից: Գյուղի հետնամասում է գտնվում քրիստոնյա հավատը հավերժացնող Սուրբ Հովհաննես սարը և Յամաճ անվանումը ստացած սաղարթախիտ ու գունավոր անտառը: Աստծո պարգև այս երկու գեղեցկությունը կարծես նվեր է մեր գյուղին, իսկ Սուրբ Հովհաննես սարին մյուս կողմից միացած է Դալիդաղ սարը, որին ի սկզբանե խելագար սար են համարել: Այս մասին իր գրությունների մեջ նշել է նաև հայ հանճարեղ երաժիշտ Գուսան Հավասին։

Գյուղի գլխավոր Սուրբ Սարգիս եկեղեցին, որը բնակիչների ջանքերով կառուցվել է 1800-ական թվականներին, մշտապես փլուզման վտանգի մեջ էր և միայն 1960 թվականին պարոն Գրիգոր Մելտոնյանի նախաձեռնությամբ փրկվեց քանդվելուց: Եկեղեցու թիկունքում է գտնվում հնագույն ամրոցը: Հսկա քարերով կառուցված այդ ամրոցը գործել է 18-րդ դարում և ղեկավարվել հայ քրիստոնյաների կողմից։ Նարդևանի սրբավայրերից մեկն է գյուղի վերնամասում գտնվող Լույս աղբյուր մատուռը, որը հայտնի է բոլորին իր սրբապատկերներով և բուժիչ ջրով: Նարդևանցիները շատ հաճախ են այցելում մատուռ։

Դե իսկ դպրոցում կրթության մակարդակն անգերեզանցելի է: Հայ ազգի բազմաթիվ երիդասարդներ հենց այստեղ են ուսում ստացել և իրենց գիտելիքներով հռչակավոր անուն ձեռք բերել: Այստեղի գրադարանը մեծ դեր է զբաղեցնում գյուղի կրթական համակարգում, շատ նշանավոր մարդկանց գլուխգործոցներ են պահպանվում այդ գրադարանում։

Վերջին տարիներին գյուղում մեծ տարածում գտավ պարարվեստը, տարբեր միջոցառումներ կազմակերպվեցին մի շարք բեմերում հայկական ազգային պարը ներկայացնելու համար: Տաղանդավոր մեր սերունդը կարճ ժամանակահատվածում կարողացավ պարային մրցույթներում հաղթանակներ ունենալ:

Դրական մթնոլորտ է տիրում մեր գյուղում, արևի նման վառ լուսավորությունը երբեք չի անհետանում նարդևանցիների սրտերից: Բնության ուժը պայծառություն է պարգևում ամբողջ երկիր մոլորակին։

Թերևս հին ժամանակներում գյուղի բերքատվությունը զգալի առաջընթաց էր գրանցել։ Հեկտարավոր հողամասեր և այգիներ են մեր գյուղի տարածքում ընդգրկված: Այդ ամենի արդյունքում է, որ գյուղատնտեսությունը զարգացած է, դե իսկ բնակչությունը շարունակաբար բազմացնում է ապրուստի միջոցները՝ ստեղծելով եկամտի նոր աղբյուրներ։ Հացահատիկի արտահանումը ամբողջապես վերացրեց գյուղի կենցաղային խնդիրները, զարգացավ նաև առևտրային հարաբերությունները այլ գործարարների հետ, այդ ամենից հետո գյուղացիները նոր աշխատատեղեր ստեղծելու հնարավորություն ունեցան։ Գյուղի ջրաղացը, որը գործում էր դեռ Խորհրդային միության ժամանակներում, նպաստեց ցորենի արտահանմանը: Ջրաղացի օգտագործման արդյունքում գյուղի բնակչության պարտքը շատ արագ նվազեց` հասնելով չնչին գների։

Մեր գյուղը հարուստ է ջրի պաշարով: Նարդևանի հարուստ աղբյուրները ջուր են մատակարարում Ծալկայի մի շարք գյուղերի: Նարդևանով է հոսում Դաղձոտ գետը, որն իր անվանումը գտել է դաղձի բազմազանության շնորհիվ, այն գյուղը բաժանում է երկու մասի և հենց նրա հարևանությամբ է կառուցվել այստեղի ամենամեծ ջրամբարը։

Գյուղում անընդհատ շարունակվում են տների վերակառուցման աշխատանքները, այդ ամենի արդյունքում այն իր գեղեցիկ տեսքը երբեք չի կորցնում։

Արևադարձային ջերմությունով է պատված ամբողջ գյուղի մթնոլորտը, ինչը ստիպում է բազմաթիվ զբոսաշրջիկների այստեղ հանգրվանել և ծանոթանալ Նարդևանի գեղատեսիլ վայրերի հետ։ Երբ օտարերկրացին համտեսում է գյուղում ընդունված համեղ հայկական ճաշատեսակները, նա մոռանում է հայ մարդու գործած ամենավերջին հանցանքը, իր ունեցած համեղ ուտեստով ու քաղցրահամ ջրով հետ է բերում ամեն հայի դեպի տուն։

Յուրաքանչյուր անցորդի համար տեսանելի է մեր Նարդևանն իր գեղատեսիլ հմայքով:

…իմ սուրբ գյուղից մի բուռ հող վերցնելիս վերհիշում եմ անցյալում տեղի ունեցած տպավորությունները և ակամա իմ աչքի առաջ հայտնվում են մանկությանս ամենախենթ դրվագները։

Հեղինակ՝ Արթուր Մելտոնյան