Իմ քաղաքական կարիերան կավարտեմ այս նախագահական ժամկետով. Զուրաբիշվիլի

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին «Լե Ֆիգարո» ֆրանսիական պարբերականի հետ խոսել է իր նախագահական ժամկետի մասին: Սալոմե Զուրաբիշվիլիի «Ֆիգարոյի» հետ հարցազրույցի թարգմանությունը տարածում է նախագահի աշխատակազմի մամուլի ծառայությունը:

«Լե Ֆիգարոյի» լրագրողը հետաքրքրվել է, թե ինչ մարտահրավերներ է տեսնում Սալոմե Զուրաբիշվիլին այսօրվանից մինչև իր նախագահության ժամկետի ավարտը:

«Հիմնական մարտահրավերը Վրաստանը Եվրոպայի կազմի մեջ մտցնելն է, ինչքանով դա հնարավոր է: Եվրամիության կազմում գտնվելը մեր բացարձակ նպատակն է: Իմ նախագահության ավարտից առաջ ես կցանկանայի անդրադառնալ նաև Ռուսաստանի կողմից Վրաստանի տարածքների 20 տոկոսի գրավված լինելու խնդրին: Ուզում եմ, որ կարողանանք մուտք գործել այդ տարածքներ, որպեսզի այլևս այսքան խնդիրներ չունենանք:

Նախագահի պաշտոնը և նախագահական այս ժամկետը ինձ համար վերջինն է, որովհետև ես չեմ պատրաստվում առաջադրվել մեկ այլ ընտրություններում կամ շարունակել իմ քաղաքական կարիերան: Եվ դա ինձ էլ ավելի մեծ անկախություն է տալիս», — ասել է Սալոմե Զուրաբիշվիլին: