Հանգիստ կյանքի գնով. լուսանկարներ Կվարիաթիից

«Հանգիստ կյանքի գնով»,- նման վերնագրով Վրաստանի տրանսպորտի և ճանապարհների ասոցիացիան լուսանկարներ էր հրապարակել ֆեյսբուքյան էջում, որտեղ ներկայացվում են խախտումներն ու այն վտանգները, որ ստեղծվել են Կվարիաթիի ծովափնյա հանգստավայրի ճանապարհներին:

Ալիք մեդիան ներկայացնում է լուսանկարներ նույն վայրից.

Տվյալ լուսանկարում ավտոբուսի կանգառն է, որտեղ հասնելու համար անհրաժեշտ է անցնել հետիոտնի համար նախատեսված արահետով: Կայանած են հանգստացողների մեքենաները, ստացվում է ավտոբուսի կանգառին հասնելու համար ուղևորը վտանգում է կյանքը՝ անցնելով տրանսպորտի համար նախատեսված ճանապարհով:

Նշենք, Կվարիաթի հանգստավայրը գտնվում է վրաց-թուրքական սահմանի հարակից տարածքում, այստեղով անցնող ճանապարհն իրար է կապում Բաթումին, Գոնիոն, Սարփին, ինչպես նաև այլ հանգստավայրեր: 2018֊ի հունիսին բացվեց Քոբուլեթին Բաթումիին միացնող այլընտրանքային ճանապարհը, որով տեղաշարժվում են տարանցիկ մեքենաները, բեռնատարները՝ թեթևացնելով և պակաս վտանգավոր դարձնելով նախկին՝ կենտրոնական ճանապարհը:

Ըստ Աջարիայի Ինքնավար Հանրապետության 2018 թ. հաշվետվության, 2018 թ. իրականացվել է Գոնիո-Կվարիաթի ճանապարհի բարելավում, ասֆալտապատվել են որոշ հատվածներ, տեղադրվել են ցուցատախտակներ, լուսավորում ապահովող սարքեր, գծվել են նաև հետիոտնի համար նախատեսված անցումներ:

2019 թվականին Վրաստանի վարչապետը հայտարարել էր, որ հաստատվել է Ճորոխի-Սարփի ճանապարհի կառուցման նախագիծը, ճանապարհը պետք է կապի Բաթումին Սարփիին, սակայն, թե որտեղով է անցնում այս ճանապարհը, համապատասխան մարմինները չեն բարձրաձայնել, նշելով, որ դա կարող է խոչընդոտել նախագիծն իրականացնող կազմակերպության աշխատանքին: