Առևտրային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, որոշ ապրանքներ արտահանվում են, որոշները՝ ներկրվում. նախարար

Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Օթար Շամուգիան կառավարության այսօրվա նիստից հետո ճեպազրույցում հաստատել է, որ Վրաստանից որոշակի ապրանքներ են արտահանվում Ռուսաստան՝ չհստակեցնով, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։ 

«Այսօր մենք առևտրային հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ, ներմուծում ենք որոշ ապրանքներ՝ ցորեն, ալյուր, որոշ ապրանքներ արտահանվում են»,-ասել է նախարարը։ 

Ըստ նախարարի՝ կառավարության քաղաքականությանը սատարում է բնակչության մեծ մասը. 

«Մեր քաղաքականությունն է լիակատար աջակցությունն ու համերաշխությունը հայտնել Ուկրաինային՝ ստեղծված իրավիճակում, սակայն կարևոր է, որ մենք մտածենք մեր ժողովրդի շահերի մասին և փորձենք հնարավորինս խուսափել վնաս պատճառելուց։ Համապատասխան հետազոտությունները ցույց են տվել, որ վարչապետի կողմից այս հարցերի վերաբերյալ ընդունված քաղաքականությունն ու որոշումներն աջակցվում են բնակչության մեծամասնության կողմից»։ 

Միաժամանակ, ըստ նախարարի, տարեցտարի ավելանում է այն երկրների թիվը, որտեղ արտահանվում է վրացական արտադրանք. 

«Մենք տեսել ենք գինու արտահանման զգալի աճ՝ առաջին երկու ամսում ավելի քան 40 տոկոս։ Գյուղատնտեսական արտադրանքի ընդհանուր արտահանման տվյալներն աճում են տարբեր ուղղություններով։ Սա շատ լավ է և իրականում արտացոլում է այն փաստը, որ մեր նպատակային քաղաքականությունը, որը տարիներ շարունակ իրականացվել է գյուղատնտեսական արտադրանքի ավելացման և շուկայի դիվերսիֆիկացմանն աջակցելու նպատակով, ունի կոնկրետ արդյունքներ և արտացոլվում է վերջին շրջանում գյուղատնտեսական արտադրանքի ոլորտում ունեցած արտահանման աճի վրա»։ 

Ըստ Շամուգիայի՝ գյուղատնտեսական ապրանքների արտահանուման ավելի քան 200 մլն դոլարի աճ է գրանցվել:

Շամուգիայի խոսքով՝ այս ամենը վկայում է այն մասին, որ դիվերսիֆիկացման քաղաքականությունն արդյունավետ է, և կառավարությունը հնարավորինս օգնում է ֆերմերներին։ 

Նշենք, որ, ըստ Վրաստանի ազգային վիճակագրական ծառայության (Geostat) 2022 թվականի հունվար-փետրվարին Վրաստանից ապրանքների արտահանման ծավալը (առանց չհայտարարագրված արտահանման) կազմել է 760,4 մլն դոլար, ինչը 54,5%-ով գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ 

Geostat-ի տվյալներով՝ տեղական արտահանումը (առանց վերաարտահանման) կազմում է ընդհանուր արտահանման 73,1%-ը։ Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 51,7%-ով և կազմել 555,8 մլն դոլար։