Ինչ է հայտարարագրել վարչապետը. ունեցվածքն ու եկամուտները

Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Թբիլիսիում ունի երեք բնակարան, ավտոմեքենա, ավտոտնակ և ոչ բնակելի տարածք։ Այս տվյալները գրված են վարչապետի կողմից հոկտեմբերի 30-ին թարմացրած գույքի հայտարարագրում։

Վարչապետի հայտարարագրում հրապարակված տվյալները.

  • Audi A8 դասի ավտոմեքենա, գնվել է 2019 թվականին, թողարկվել է նույն թվականին: Դրա համար Վրաստանի վարչապետը ծախսել է 75 հազար 620 եվրո։ Հայտարարագրում նա նշել է, որ Audi-ն գնել է տարաժամկետ,
  • 2009 թվականին 100 հազար լարիով գնված բնակարան և 10 հազար լարիով գնված ավտոտնակ Գագարինի փողոցում,
  • 2011 թվականին նա երկու բնակարան է գնել Մոսաշվիլիի փողոցում։ Դրանցից մեկի արժեքը կազմել է 185 հազար լարի, երկրորդ բնակարանի գինը հայտարարագրում նշված չէ,
  • 2011 թվականին նա 6711 լարիով ոչ բնակելի տարածք է գնել Մոսաշվիլիի փողոցում,
  • Իր կամ ընտանիքի անդամի սեփականություն հանդիսացող անշարժ գույք Վրաստանում կամ այլ երկրում բաժնում նշված է 221 հազար լարի,
  • Ճանապարհածախս՝ 8868 դոլար,
  • Խնայողություն՝ 40 հազար լարի,
  • Տարեկան աշխատավարձը՝ 41 հազար 004 լարի,
  • Կնոջ՝ Նունու Թամազաշվիլիի հետ 137 հազար 120 լարիի համավարկառու է: 2019 թվականին Վրաստանի նախկին վարչապետ, «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի հիմնած «Քարթու բանկից» վարկ են վերցրել Բակուրիանիում Նունու Թամազաշվիլիի տան շինարարության համար,
  • Նվեր ծնողներից՝ 180 հազար լարի։

Ի դեպ, անցած տարիների հայտարարագրերում Ղարիբաշվիլին ևս նշել է ծնողներից «նվեր» ստացած մեծ գումար. 2022 թվականի հայտարարագրի համաձայն` այդ «նվերը» կազմել է 150 հազար լարի, իսկ 2021 թվականին նույն կատեգորիայով հայտարարագրել է 150 հազար լարի։

Նշենք նաև, որ 2023 թվականի սեպտեմբերին Pirveli TV-ով հեռարձակվեց Նոդար Մելաձեի հեղինակային «Շաբաթվա հետաքննական պատմություն»-ը, որից հայտնի դարձավ, որ Ղարիբաշվիլին իր որդու հետ ԱՄՆ մասնավոր թռիչքի համար օգտագործել է կառավարական ինքնաթիռը։ Դրան հաջորդեց կառավարական Stratcom-ի պարզաբանումը, որ վարչապետը բյուջեի միջոցները չի օգտագործել դրա համար։ Stratcom-ի հայտարարությունը նոր հարց է հարուցել՝  ինչպե՞ս կարող էր Ղարիբաշվիլին վճարել մոտ 100 հազար լարի դեպի ԱՄՆ մասնավոր չվերթի համար, երբ, ըստ իր հայտարարագրած եկամուտների, նրա տարեկան եկամուտը կազմում է 41 հազար լարի։

Վարչապետի կնոջ՝ Նունու Թամազաշվիլիի ունեցվածքը` 2023 թվականի հայտարարագրի համաձայն.

  • Թամազաշվիլին ունի 2018 թվականին գնված RANGE ROVER VELAR մակնիշի ավտոմեքենա, որը թողարկվել է նույն թվականին, որի համար, ըստ հայտարարագրի՝ վճարել է 46 հազար եվրո,
  • 1530 քմ հողատարածք Բակուրիանիում, որի համար վճարել է 76 հազար 500 դոլար: