Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը Ղարաբաղի մասին սադրիչ է․ Վոլսկի

Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունը սադրիչ է. Այս մասին ասել է խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին Վրաստանի երրորդ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի տեսակետը մեկնաբանելիս:

Ըստ Սաակաշվիլիի՝ «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության  տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

Սաակաշվիլին անդրադարձել է Ղարաբաղում տիրող իրավիճակին

«Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելը և դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սաակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ  խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե Սաակաշվիլիկի երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այս հայտարաությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել է Վոլսկին:

Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս  ձեռնպահ ու չեզոք պետք է լինի:

«Միջազգային բարեկամներին պետք է առաջարկենք, որ անհապաղ ներգրավվեն այս խնդիրը լուծելու հարցում: Հակառակ դեպքում, սա կարող է արտակարգ իրավիճակի հիմք դառնալ տարածաշրջանում ու մասնավորապես Վրաստանում, որտեղ բնակվում են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Վրաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ մեր տարածքում էթնիկ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում լիներ: Ցավոք, ընդդիմադիրները հենց սա են ուզում, ու Սաակաշվիլիի հայտարարությունը սրան էր ուղղված»,- նշել է Վոլսկին: