Մեր հանրությունը ծանր փորձություն է անցնում խաղաղություն պահպանելու համար երկրի ներսում․ Վասաձե

Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 27-ին վերսկսված ռազմական գործողությունները, Վրաստանի պետության չեզոք դիրքորոշումը, որոշ քաղաքական գործիչների ծայրահեղ հայտարարություններն ու բազում այլ գործոններ երկրի ներսում երկու խոշորագույն էթնիկ փոքրամասնությունների խմբերի՝ հայերի ու ադրբեջանցիների միջև արդեն իսկ սկսել են որոշակի լարվածություն ստեղծել սոցցանցերում, Մառնեուլիկի շրջանում ու տարբեր այլ հարթակներում: Թեմայի հետ կապված զրուցել ենք Վրաստանի ռազմավարական  վերլուծաբանական կենտրոնի փորձագետ Գելա Վասաձեի հետ:

Վասաձեն նշում է՝

«Այսօր առավոտյան Գարդաբանիի բնակիչը լրագրողներին տեղեկացրել էր, որ իր որդուն Թբիլիսիում սպառնում են հայերը, իսկ իմ մի ծանոթ հայ կնոջ Մառնեուլիի շուկայում ադրբեջանցիները հրաժարվել են կանաչի վաճառել ու աղմուկ են բարձրացրել: Նման դրվագներ հաճախ են լինում, բայց դրանք շատ վտանգավոր են: Ե՛Վ հայերն են դիտում հայկական հեռուստատեսությունները, և՛ ադրբեջանցիները ադրբեջանական հեռուստաընկերություններ: Սա արդեն վտանգ է Վրաստանի ներսում գոյություն ունեցող խաղաղությանը»,- ասում է Վասաձեն ու հիշեցնում, որ կողմերի տաք գլուխներով ներկայացուցիչները պետք է հիշեն, որ պատերազմելու ցանկության իրականացումը պատժվում է Վրաստանի օրենքով:

«Մեր հանրությունը, ողջ քաղաքացիական հատվածը ծանր փորձություն են անցնում՝ փորձելով խաղաղություն պահպանել երկրի ներսում: Պատկերացրեք, թե ինչ տեղի կունենա, եթե մենք քովիդի, տնտեսական ճգնաժամի ու ակնկալվող ընտրությունների հետ կապված  քաղաքական պայքարի ֆոնին նաև բախումներ ունենանք: Երկիրը պարզապես չի դիմանա, մենք կվերադառնանք 90-ականներ»,- ասում է Վասաձեն:

Խոսելով հայկական սոցցանցերում  հակավրացական ալիքի «առիթ» հանդիսացած տեղեկության մասին առ այն, թե իբրև Վրաստանն արգելել է Ռուսաստանին օդային ճանապարհով զենք տեղափոխել Հայաստան, Վասաձեն ասում է՝ գոյություն ունի հատուկ կանոնակարգ.

«Ոչ ցամաքային ճանապարհով ռուսական զենքի տեղափոխումն արգելված է օրենքով ու սրա հետ կապված համաձայնագրեր կան Հայաստանի հետ: Ինչ վերաբերում է օդային տրանզիտին, այստեղ կանոնակարգն հետևյալն է՝ ռուսական կողմը հայտնում է վրացական կողմին, թե ինչ է ինքնաթիռում, մեր ռազմական կցորդը դիմավորում է ինքնաթիռը Երևանում և ստուգում, արդյո՞ք ստույգ էր տեղեկությունը: Խորապես կասկածում եմ, որ ներկայիս պայմաններում Մոսկվան համաձայնել է, որ բեռը ստուգվի: Այնպես որ, կարծում եմ ռուսական կողմն ինքն է ընտրել  Իրանի վրայով ճանապարհը»,- ասում է Վասաձեն: