Իշխանություն-ընդդիմություն հակամարտությունը շարունակվում է. որոշմանը մնացել է 4 օր

Վրաստանի իշխանության և ընդդիմության միջև ընտրական համակարգի փոփոխության վերաբերյալ բանակցությունները ամենայն հավանականությամբ չեն վերսկսվի:

Նախորդ տարվա հանդիպումներում կողմերը չհասան համաձայնության: Իշխանությունը չընդունեց ընդդիմության` ընտրությունների գերմանական մոդելը, ընդդիմությունը՝ իշխանության առաջարկը՝ մեծամասնական պատգամավորների քանակը նվազեցնելու և համամասնական մանդատների քանակը ավելացնելու մասին, ավելի պարզ ասած 100/50 մոդելը՝ ներկայիս 77/73-ի փոխարեն:

Վրաստանի իշխանության ներկայացուցիչները հայտարարում են, որ պատրաստ են բանակցությունների և իրենց առաջարկն արդեն արել են 100/50-ի տեսքով և չեն պատրաստվում այլ զիջումների գնալ։ Եթե մինչև փետրվարի վերջ կողմերի միջև համաձայնություն ձեռք չբերվի, ընտրական համակարգում փոփոխություններ չեն կատարվի և ընտրությունները կանցկացվեն հին մոդելով:

Իշխանության վերջնագրին ի պատասխան ընդդիմությունում հայտարարում են, որ եթե իշխանությունը բանակցությունների սեղան վերադառնալու ցանկություն ունի, պետք է ազատ արձակի քաղբանտարկյալներին և առաջարկի ավելի իրատեսական մոդել՝ ոչ թե 100/50-ը:

Ընդդիմությունում նաև հայտարարում են, որ սկսել են աշխատել B պլանի շուրջ, որը նշանակում է գործող 77/73 ընտրական համակարգի պայմաններում մեծամասնական շրջաններում միավորված ընդդիմության մեկ մեծամասնական թեկնածուների առաջադրում: