Ինչ միջոցառումներ են նախատեսված «Թբիլիսոբայի» տոնին

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի խոսքով, այս տարի Թբիլիսոբան (Թբիլիսիի տոնը) կնշվի սեպտեմբերի 30-ին և հոկտեմբերի 1-ին, միջոցառումներ են նախատեսված երեք վայրերում։

Կալաձեի խոսքով, բացի երկու օրվա ընթացքում ներկայացվող ժամանցային ծրագրից, սեպտեմբերի 30-ին նախատեսվում է վրացի արտիստների համերգ Ռիկղեի այգում, իսկ հոկտեմբերի 1-ին՝ մյուզիքլ։

«Այս շաբաթվա հանգստյան օրերին՝ սեպտեմբերի 30-ին եւ հոկտեմբերի 1-ին, նշելու ենք այն տոնը, որին շատերն են սպասում։ Մենք միջոցառումներ ենք նախատեսել երեք վայրերում՝ Ռիկղեի այգում, Աբանոթուբանիում, ինչպես նաև Օրբելիանիի հրապարակում և նրա հարակից տարածքում», — ասել է Կալաձեն։

Քաղաքապետը նշել է, որ երկու օրն էլ ժամը 12:00-ից 22:00-ն ընկած ժամանակահատվածում Ռիկղեի այգում կանցկացվեն տարբեր միջոցառումներ: Դրանք են՝ գաստրոնոմիական փառատոն, գինու փառատոն, ձեռնարկատիրական շուկա, մանկական ժամանցային միջոցառումներ ու համերգներ, ատրակցիոններ և տարբեր ինստալացիաներ։