Թբիլիսիի քաղաքապետարանը ավտոբուսի 400 վարորդի կընդունի աշխատանքի

Թբիլիսիի քաղաքապետարանի տրանսպորտային ընկերությունը հայտարարություն է տարածել  ավտոբուսի վարորդների թափուր աշխատատեղերի մասին։ Քաղաքապետ Կախա Կալաձեն Վրաստանի կառավարության նիստում հայտնել է, որ նախատեսվում է աշխատանքի տեղավորել 400 մարդու։

Նրա խոսքով, Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունում ներկայումս աշխատող վարորդները կվերապատրաստվեն, որպեսզի կարողանան վարել 18 մետրանոց նոր ավտոբուսները։

Թբիլիսիի տրանսպորտային ընկերությունից հայտնել են, որ վարորդի աշխատավարձը (հարկվող, ըստ վաստակի) տատանվում է 2500 լարիից մինչև 3000 լարի։

Հիշեցնենք, որ Թբիլիսիի քաղաքապետարանը 2023 թվականի հունիսին 160 նոր 18 մետրանոց ավտոբուսների գնման պայմանագիր է կնքել։ Պայմանագիրը կնքվել է «Թբիլիսի տրանսպորտային ընկերություն» ՍՊԸ-ի և «Թեգետա Մոթորսի» միջև։ Մեկ ավտոբուսի արժեքը 1 618 759 լարի է, իսկ բոլորը միասին` 259 մլն լարի։