«Իրակլի Ռուս». Սաակաշվիլիին աջակցող ցույցերը շարունակվում են

Վրաստանի երրորդ նախագահ, այժմ անազատության մեջ գտնվող Միխեիլ Սաակաշվիլիի հիմնադրած ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժումը» (ՄԱՇ) Թբիլիսիում ակցիա է անցկացրել իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակի մոտ։

ՄԱՇ-ի գլխավոր պահանջն է Սաակաշվիլիին բանտից ազատելն ու բուժման նպատակով արտերկիր տեղափոխելը:

ՄԱՇ կուսակցության անդամները և աջակիցները վեր են պարզել հետևյալ գրառումներով պաստառներ.

  • «Ազատիր Միշային»
  • «Փրկեք Միշային»
  • «Իրակլի Ռուս»:

ՄԱՇ-ի ակտիվիստների կարծիքով, «Վրացական երազանքը» Վրաստանում իրականացնում է կրեմլամետ քաղաքականություն։ Նրանք պահանջում են պատժել «Վրացական երազանքի» առաջնորդներին, այդ թվում՝ կուսակցության նախագահ Իրակլի Կոբախիձեին։

Նշենք, որ Թբիլիսիի քաղաքային դատարանի դատավոր Գիորգի Արևաձեի փետրվարի 6-ի որոշմամբ՝ Սաակաշվիլին շարունակում է մնալ կալանքի տակ։ Դատավորը չի հաստատել Սաակաշվիլիի պատիժը հետաձգելու վերաբերյալ միջնորդությունը։

Քաղաքային դատարանի որոշումից հետո ՄԱՇ-ում տեղի է ունեցել ճեպազրույց` կուսակցության հետագա անելիքների թեմայով։ Խաբեիշվիլին հայտարարել է, որ կուսակցությունը դադարեցնում է խորհրդարանական գործունեությունը և անցնում ամենօրյա բողոքի ռեժիմի։