Իրան-Հայաստան-Վրաստան երթուղու հնարավոր զարգացումը․ տնտեսագետի կարծիք

Իրան-Հայաստան-Վրաստան երթուղու զարգացումը կնպաստի Կովկասի տարածաշրջանը ավելի գրավիչ, կայուն և բազմազան միջավայր դարձնելուն, «Ալիք Մեդիայի» հետ զրույցում նշում է վրացի տնտեսագետ, Business Media Georgia-ի խմբագիր, Forbes Georgia-ի գլխավոր խմբագիր  Գիորգի Իսակաձեն։ Խոսքը Հայաստանի կառավարության առաջարկին է վերաբերում՝ Վրաստանի տարածքով Պարսից ծոց-Սև ծով առևտրային միջանցք ստեղծել` Հնդկաստանը Ռուսաստանի և Եվրոպայի հետ կապելու համար։

Հատկանշական է, որ այս առաջարկի մասին հայտարարել էր Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանն իր Հնդկաստան կատարած այցի շրջանակներում` նշելով, որ նպատակն այն է, որ հնդկական արտադրանքը կարողանա ավելի կարճ և արագ ճանապարհով հասնել Ռուսաստան ու եվրոպական երկրներ։

«Կարծում եմ, որ Հայաստանի իշխանության ակտիվացումը տարբեր ուղղություններով յուրօրինակ հետաքրքիր է, ինչը այս երկրի տնտեսությանն ավելի զարգանալու հնարավորություն կտա։ Տարածաշրջանում տիրող կոնֆլիկտային իրավիճակը թույլ չտվեց Հայաստանին ճիշտ զարգանալ, ինչը, կարծում եմ, պետք է ավարտվի, երկիրը պետք է առաջ նայի և հասարակությանը զարգացման նոր թափ հաղորդի»,– ասում է տնտեսագետը և շարունակում․ «Հնդկաստանի, ինչպես նաև այլ մեծ պետությունների համար, Թուրքիան լինի, թե մյուսները, ներկայիս դժվարին իրավիճակում ամուր այլընտրանքներ մշակելը և ստեղծելը կարող է բավականին գրավիչ թվալ, հատկապես որ առևտրային միջանցքների արդյունավետությունը բխում է գործոնների համակցությունից»։

Իսակաձեն կարծում է, որ երթուղին կարող է դրական հեռանկար ունենալ, «Հաշվի առնելով այն վերապահումները, որոնցով ժամանակակից աշխարհն այժմ առաջնորդվում է, նկատի ունեմ միջազգային պատժամիջոցները, որոնց նկատմամբ ոչ Հնդկաստանը, ոչ Թուրքիան վերջերս անտարբեր չեն եղել, ուստի նման երթուղու զարգացումը միայն ավելի գրավիչ, կայուն կդարձնի Կովկասի տարածաշրջանը, մասնավորապես Հարավային Կովկասը ու բազմազան միջավայր կստեղծի միջազգային գործընկերների համար»։

Տնտեսագետի խոսքով, Կովկասի պետությունների համար լավ տնտեսա-քաղաքական արդյունքի հասնելու համար որոշիչ գործոններ են խաղաղությունը և միջազգային իրավունքին հավատարիմ մնալը։

Ըստ The Economic Times-ի՝ Երևանի պաշտոնական առաջարկի համաձայն, այս երթուղին պետք է Իրան-Հայաստան-Վրաստան տարածքով Մումբայը միացնի Եվրոպային և շրջանցի Ադրբեջանը, քանի որ Դելին «վատ» հարաբերություններ ունի պաշտոնական Բաքվի հետ՝ կապված Թուրքիայի և Պակիստանի սերտ կապերի հետ։

Մասնավորապես, առաջարկվող միջանցքը կանցնի Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքին (INSTC) և կմիացնի հնդկական Մումբայ քաղաքը Իրանի հարավային նավահանգստային Բանդար Աբաս քաղաքի, այնուհետև Հայաստանի հետ։

Հրապարակման համաձայն՝ հայկական կողմը խաղադրույք է կատարում այն ​​բանի վրա, որ հնդկական ընկերությունները մեծ ենթակառուցվածքային նախագծերին մասնակցելու մեծ փորձ ունեն, իսկ պաշտոնական Դելին շահագրգռված է Իրանի և Վրաստանի տարածքով դեպի Եվրոպա տրանսպորտային միջանցք բացելու հարցում։ Այսպիսով, Հայաստանը բանակցություններ է վարում Հնդկաստանի հետ՝ նախագծի համար հնդկական ֆինանսավորում և ընկերություններ ներգրավելու համար։ Ավելին, տարածաշրջանում Հայաստանը ցույց է տվել ուժեղ տնտեսական աճ՝ չնայած Ադրբեջանի հետ պատերազմին։

Ըստ The Economic Times-ի՝ 2016 թվականին Իրանը առաջ է քաշել նոր՝ Պարսից ծոց-Սև ծով միջազգային տրանսպորտային միջանցքի նախագիծը՝ երկիրը Հարավային Կովկասով Եվրոպային միացնելու համար։ Այն ժամանակ նախագծով հետաքրքրված էին բոլոր պոտենցիալ մասնակից երկրները՝ Իրանը, Հայաստանը, Վրաստանը, Ադրբեջանը, Բուլղարիան և Հունաստանը, թեև բանակցությունները դադարեցվել էին Covid-ի համաճարակի ժամանակ։