Իրավիճակն ավելի շատ Թուրքիայի օգտին է, քան Վրաստանի. Չավուշօղլու

Վրաստանի արտաքին գործերի նախարար Իլիա Դարչիաշվիլիի հետ Ստամբուլում կայացած հանդիպումից հետո Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն հայտնել է, որ Վրաստանի և Թուրքիայի միջև ազատ առևտուրը կարող է ընդլայնվել:

Չավուշօղլուի խոսքով՝ ներկայումս տնտեսական հարաբերությունների առումով իրավիճակն ավելի շատ Թուրքիայի օգտին է, և այն պետք է հավասարակշռել այնպես, որ հնարավորինս ձեռնտու լինի նաև Վրաստանին։

«Մենք մեծ նշանակություն ենք տալիս Վրաստանի և Թուրքիայի տնտեսական հարաբերություններին։ Ինչպես տեսնում եք, մեր ապրանքաշրջանառությունը բավականին մեծ է և տպավորիչ։ Անցյալ տարի այն գերազանցեց երկու միլիարդ դոլարը, սակայն մեր երկրների ղեկավարների հանդիպմանը խնդիր դրվեց, որ այս տարի և մոտ ապագայում ապրանքաշրջանառությունը գերազանցի երեք միլիարդ դոլարը։ Կարծում եմ, որ մենք պետք է ակտիվացնենք մեր համագործակցությունը և աշխատենք այս ուղղությամբ»,- ասել է Չավուշօղլուն։

Դարչիաշվիլիին իր հերթին նշել է, որ ապրանքաշրջանառության նշաձողը է սահմանվել 3 մլրդ դոլարը։

Նրա խոսքով, համատեղ ջանքերով Վրաստանն ու Թուրքիան շատ շուտով կհասնեն այս նշագծին, ինչի արդյունքում կորոշվի նոր նշաձող, որն էլ ավելի կամրապնդի և կխորացնի երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցությունը:

Վրաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը խոսել է նաև ներդրումային միջավայրի զարգացման կարևորության մասին.

«Ներդրումների առումով մենք ամեն կերպ փորձում ենք մեր պետական ​​կառույցների կողմից հնարավորինս աջակցել երկու երկրների մասնավոր հատվածի ներկայացուցիչներին, որպեսզի նրանք կարողանան ավելի հեշտ կողմնորոշվել այս գործընթացում, և մի կողմից՝ Վրաստանի ներդրումային շուկան ավելի գրավիչ է դառնում Թուրքիայի մասնավոր հատվածի ներկայացուցիչների համար, և հակառակը, վրացի գործարարներին հետաքրքրում է Թուրքիայի ներդրումային շուկան»։