Իսրայելի դեսպանը Վրաստանի արտաքին քաղաքականության մասին

Վրաստանում Իսրայելի դեսպան Վալիդ Աբու Հայան BMGtv-ի «Աշխարհն ինչպես որ կա» հաղորդաշարին տված հարցազրույցում հայտարարել է, որ Վրաստանի ինքնիշխան իրավունքն է ինքնուրույն որոշել իր արտաքին հարաբերություններն այլ երկրների, այդ թվում՝ Իրանի հետ։

«Մեր հարաբերությունները Վրաստանի հետ շատ լավ են և սերտ։ Իսրայելը չորրորդ երկիրն էր, որը 1992 թվականին դեսպանություն բացեց Թբիլիսիում։ Որոշակի կապեր կային նաև խորհրդային շրջանում, թեկուզ մարդկային մակարդակով. օրինակ` Վրաստանի հրեաների հետ, որոնք երկիրը լքել էին 70-ական և 80-ական թվականներին։ Խորհրդային Միության փլուզումից հետո մենք ճանաչեցինք Վրաստանի անկախությունը և այդ ժամանակից ի վեր այստեղ ենք։ Հետևաբար, գոյություն ունի լայն համատեքստ ինչպես կառավարությունների, այնպես էլ ժողովուրդների միջև։ Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Վրաստան են գալիս հազարավոր զբոսաշրջիկներ Իսրայելից, ինչը ևս մեկ անգամ փաստում է մեր լավ հարաբերությունների մասին։

Ինչ վերաբերում է Վրաստանի հարաբերություններին Իրանի կամ ցանկացած այլ պետության հետ, դա մեր հարաբերությունների վրա ազդեցություն չի ունենում։ Վրաստանի կառավարության որոշելիքն է՝ սեփական շահերից ելնելով սահմանել հարաբերությունները այս կամ այն երկրի հետ։ Երբ մենք նկատում ենք որևէ բան, որը համահունչ չէ մեր շահերին կամ դիրքորոշումներին, դրա մասին միշտ բաց և հստակ հայտնում ենք Վրաստանի իշխանություններին։

Պատերազմի ընթացքում երկու կարևոր հանդիպում եմ ունեցել. երկու շաբաթ առաջ հանդիպել եմ վարչապետին, իսկ դրանից առաջ՝ արտաքին գործերի նախարար Մակա Բոճորիշվիլիին։ Լսեցի նրանց աջակցությունը և վիշտը զոհվածների համար։ Իմ դիրքորոշումը չի ենթադրում Վրաստանի և Իրանի հարաբերությունների սահմանում, դա Վրաստանի կառավարության որոշելիքն է։

Այնուամենայնիվ, մեր շահերը Վրաստանի իշխանությունների համար նույնքան պարզ են, որքան այլ գործընկերների համար՝ լինեն դրանք հարևան երկրները (Ադրբեջան, Հայաստան), ԱՄՆ-ը, թե այլք։ Սա դիրքորոշում է, որը բոլորին քաջ հայտնի է»,- հայտարարել է դեսպանը։

Հիշեցնենք, որ 2026 թվականի փետրվարի 28-ին Իսրայելը և ԱՄՆ-ը Իրանի դեմ լայնամասշտաբ ռազմական գործողություն են սկսել, որի հետևանքով սպանվել է Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Խամենեին։