Ջրի խնդիրը Չանախչիում. պարզաբանում

Չանախչի գյուղում տիրող ջրի խնդրի վերաբերյալ «Ալիք Մեդիա Վրաստան»-ը կապ է հաստատել գյուղխորհրդի նախագահ Գիգոլ Աթաբեկյանի հետ։

Ըստ գյուղխորհրդի նախագահի՝ մոտակա օրերին՝ վաղը կամ մյուս օրը, մասնագետները կժամանեն գյուղ՝ նոր գնված սարքավորումները տեղադրելու համար։ Անդրադառնալով ջրամատակարարման բացակայությանը՝ նա պարզաբանել է, որ ուշացումը պայմանավորված է եղել օրենսդրական փոփոխություններով։ Նրա խոսքով՝ ըստ նոր կարգավորումների, առանց համապատասխան տենդեր հայտարարելու անհնար է եղել իրականացնել որևէ գնում, ինչն էլ ձգձգել է գործընթացը։

«Այս տարի գնումների հետ կապված փոփոխություն է կատարվել, առանց տենդերի այլևս ոչ մի գնում չի կատարվում, հետևաբար սարքավորման տենդեր էր  հայտարարվել. ինձ տեղեկացրին, որ անսարք մասերը արդեն գնվել են, և մոտ օրերս կտեղադրվի։ Փչացած է եղել մալուխը, որը հոսանք է մատակարարում, և շարժիչին միացվող «ճոպանը», որը մի քանի տեղից վնասված է եղել։ Որպեսզի անընդհատ խափանումներ չլինեն, որոշել ենք լիովին նորը դնել»,- նշեց Աթաբեկյանը։ 

Գյուղխորհրդի նախագահը հավելեց, որ այսօր կրկին կապ է հաստատել պատասխանատուների հետ և ստացել հավաստիացում, որ հավանաբար հենց վաղը ջրամատակարարումը լիարժեք կվերականգնվի։

Հիշեցնենք, որ Չանախչիի բնակիչները տևական ժամանակ է, ինչ բարձրաձայնում էին խմելու ջրի բացակայության մասին։ Գյուղացիները ստիպված են եղել օգտվել գյուղամիջի ջրից, որը ոչ միայն չէր բավականացնում բնակչության կարիքներին ու տեղի դպրոցին, այլև որակական առումով ևս անորակ էր` պղտոր և խմելու համար անպիտան։

Ջրի խնդիրը Չանախչիում. բնակիչներն ահազանգում են