Իվանիշվիլին շահել է Credit Suisse բանկի հետ վեճը

Վրաստանի նախկին վարչապետ, իշխող «Վրացական երազանք» կուսակցության հիմնադիր Բիձինա Իվանիշվիլին շահել է շվեյցարական Credit Suisse բանկի հետ վեճը։ Այս մասին տեղեկություն է տարածել Finantial Times-ը։

Finantial Times-ը գրել է, որ Բերմուդյան կղզիների դատարանի որոշման հրապարակումից հետո Credit Suisse-ը պետք է 500 մլն․ դոլար վճարի Իվանիշվիլիին։ 

Հիշեցնենք՝ Վրաստանի նախկին վարչապետ Բիձինա Իվանիշվիլին արդեն վեց տարի է Credit Suisse-ի հետ դատական վեճի մեջ է: Իվանիշվիլին բանկին մեղադրում է իր հաշվից ավելի քան 500 մլն․ դոլար յուրացնելու մեջ։  

Իվանիշվիլիի բանկիրն այդ ժամանակ եղել է Պատրիկ Լեսկադրոնը, ով, ըստ գործի նյութերի, ներդրել և կորցրել է Իվանիշվիլիի փողերը՝ բորսայում գտնվող ընկերություններից մեկում։ 

Լեսկադրոնը 2018 թվականին դատապարտվել է խարդախության համար, իսկ 2020-ին՝ ինքնասպանություն գործել։ Այնուամենայնիվ, Credit Suisse-ը պնդում է, որ Լեսկադրոնը գործել է անկախ՝ բանկից գաղտնի։  

Իվանիշվիլին մեկն է այն հինգ մարդկանցից, ովքեր դատի են տվել բանկին։ Իվանիշվիլին միաժամանակ դատական գործընթացների մեջ է նաև Բերմուդյան կղզիների, Նոր Զելանդիայի և Սինգապուրի բանկերի հետ։  

Բերմուդյան դատավարության ժամանակ ընկերության փաստաբան Սթիվեն Մովերլի Սմիթն Իվանիշվիլիին անվանել է «օլիգարխ» և ասել, որ նա պետք է պատասխանատվություն կրի ռիսկային ներդրումների համար, որոնք Լեսկադրոնն անում էր իր անունից: