Գաբունիան՝ «Պաքսլովիդ» դեղամիջոցի կիրառման, համաճարակային իրավիճակի և պատվաստումների քարոզարշավի շարունակության մասին 

Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիայի խոսքով՝  կորոնավիրուսը բուժող «Պաքսլովիդ» դեղամիջոցից հիվանդները կoգտվեն անվճար։ 

Գաբունիան միևնույն ժամանակ նշել է, որ այս դեղամիջոցը չի վաճառվի դեղատներում։ 

«Դրա բաշխումն ապահովում է նախարարությունը՝ համապատասխան ստորաբաժանման միջոցով։ Առցանց կլինիկայի ընտանեկան բժիշկը, անհրաժեշտության դեպքում տեղեկությունը կփոխանցի այն կառույցին, որը դեղը կհասցնի հիվանդին»,- ասել է Գաբունիան։ 

Ըստ Գաբունիայի՝ վերջին օրերին հանրապետությունում համաճարակաբանական պատկերը բարելավվում է, սակայն դա չի նշանակում, որ ռիսկերն ամբողջությամբ վերացված են․ 

«Պատվաստումների միջոցով պետք է շարունակենք ապահովել իմունային շերտը, պատվաստումները, թեստավորումը և բժշկական հատվածի պատրաստվածությունը կշարունակվեն ապագայում»։ 

Առողջապահության փոխնախարարի խոսքով, պատվաստումների քարոզարշավի շարունակությունը առողջապահության նախարարության համար առաջնահերթություն է։ 

«Ցավոք, մի շարք պատվաստանյութեր մնացին չօգտագործված։ Այս պատվաստանյութերը հանրապետությունը ստացել է համեմատաբար ավելի ուշ՝ նվիրատվությունների միջոցով,  ակնկալիքներն ու պահանջարկը սկզբում շատ մեծ էին, իսկ հետո՝ նվազեց, բայց դա չի նշանակում, որ նախարարությունը չի շարունակի աշխատել պատվաստումների քարոզարշավի ուղղությամբ»,- ասել է փոխնախարարը։