ՋԱՀ-ի բարեգործական այցը Մեծ և Փոքր Արագյալ գյուղեր

«Ջավախքին աջակցություն» հիմնադրամը (ՋԱՀ) հերթական բարեգործական ծրագիրն է իրականացրել՝ այս անգամ տաք հագուստ տրամադրելով Նինոծմինդայի Մեծ և Փոքր Արագյալ գյուղերի միայնակ ծերերին և կարիքավոր ընտանիքներին։

ՋԱՀ-ի նախաձեռնությունը Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Ենոք Ֆիդանյանի գլխավորությամբ իրականացրել են հիմնադրամի 4 կամավորները։

«Այս բարեգործական այցը «Աջակցություն ջավախքցիներին» ծրագրի շրջանակում է իրականցվում։ Պարբերաբար այցելություններ ենք կատարում Ջավախքի շրջանի գյուղեր և քաղաքներ՝ հագուստ բաժանելու նպատակով, որոնք մենք ձեռք ենք բերում Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության օժանդակությամբ»,- «Ալիք մեդիային» տված հարցազրույցում մանրամասնեց ՋԱՀ-ի Ախալքալաքի գրասենյակի ղեկավար Ենոք Ֆիդանյանը՝ հավելելով նաև, որ ծրագրի իրականացման համար սերտ համագործակցում են համայնքերի ղեկավարների հետ։

Հետամուտ լինելով Սամցխե-Ջավախեթի և Քվեմո Քարթլի նահանգների հայության հասարակական կյանքի տարբեր ոլորտների զարգացմանը` ՋԱՀ-ի աջակցությամբ իրականացվում են տարաբնույթ միջոցառումներ և  ծրագրեր՝ բազմազավակ ընտանիքներին դրամական պարգևների տրամադրում, մշակութային հաստատությունների հիմնում, ցուցահանդեսների, ճամբարների, շնորհանդեսների, բարեգործական համերգների, ավանդական հանդիսույթների, համաժողովների և երիտասարդական միջոցառումների կազմակերպում, աջակցություն հուշակոթողների բացման արարողություններին, գրքերի հրատարակում, հեռուստառադիոհաղորդաշարերի պատրաստում և այլն։

Ծնունդով շրջանից մի շարք գործարարների և մտավորականների կողմից ստեղծված հիմնադրամը նպատակ ունի բարելավել Վրաստանի հիշյալ նահանգների հայության տնտեսական, կրթամշակութային, երիտասարդական կյանքը։

Ընթացիկ ծրագրերից են «ԱրՄաթ» ինժեներական լաբորատորիաների հիմնումը, որտեղ դպրոցահասակ երեխաները սովորում են ծրագրավորում և ռոբոտաշինություն։ Տերյանական օրերին հիմնադրամը բացեց Գանձայում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի վերականգնած ցուցասրահը։

«ՋԱՀ -ը իրագործել է և իրագործում է բազմաթիվ ծրագրեր։ Ստեղծված օրվանից ակտիվ բարեգործական գործունեություն է ծավալում Ջավախք աշխարհում։ Այս պահին կենտրոնացած ենք ընթացիկ ծրագրերի վրա։ Առաջիկայում ստեղծելու ենք նոր նախագծեր՝ շարունակելով աջակցել մեր ժողովրդին», — ասում է Ֆիդանյանը։

ՋԱՀ-ը ապաքաղաքական կառույց է, ոչ Հայաստանում, ոչ Վրաստանում քաղաքական գործունեություն չի իրականացնում, հիմնական առաքելությունը հայաշատ շրջանի հասարակական տարբեր ոլորտների զարգացումն է, ինչպես նաև հայ վրացական ծրագրերի համագործակցության ընդլայնումը։

Նյութը պատրաստեց «Ալիք Մեդիա»-ի ստաժոր Ասյա Բալասանյանը