Ջավախքը փոփոխություն է ուզում. Արսեն Կարապետյան

Արցախյան հակամարտությունը Վրաստանի նախընտրական շրջանում մանիպուլյացիաների առիթ է դարձել: Հարցն օգտագործվում է ինչպես կուսակցությունների հիմնադիրների կողմից, այնպես էլ կեղծ ֆեյսբուքյան էջերի միջոցով: Վրաստանում ազգային պատկանելիության հողի վրա ընտրողների խտրականության ու կեղծ տեղեկությունների ալիք է բարձրացել: Հատկապես հիմա՝  հոկտեմբերի 31-ին կայանալիք Վրաստանի խորհրդարանական ընտրությունների նախաշեմին, վերոնշյալ սուբյեկտներն էլ ավելի են ակտիվացել:

Այսպես օրինակ, հոկտեմբերի 22-ին տեղի ունեցած «Աջակցություն Արցախի արդար պայքարին» խորագիրը կրող ցույցից հետո, «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում կեղծ օգտահաշվի կողմից տարածվել էր «Ալիք Մեդիայի» ուղիղ եթերից մի հատված և այն օգտագործվել որպես «Եվրոպական Վրաստան» կուսակցության հակագովազդ: Տեղի ունեցածի հետ կապված զրուցել ենք «Եվրոպական Վրաստան» կուսակցության Նինոծմինդա-Ախալքալաք ընտրատարածքի մեծամասնական պատգամավորի թեկնածու Արսեն Կարապետյանի հետ:

Կարապետյանն անդրադառնալով Ջավախքում տրամադրվածություններին, Վրաստանի քաղաքական դաշտում ադրբեջանա-հայկական հակամարտության արձագանքներին, նշում է.

«Վրաստանը պետք է լինի լիովին չեզոք, սա պետության առաջնահերթ խնդիրն է: 2008 թվականին Հայաստանը կարողացավ բացարձակ չեզոքություն պահպանել, թույլ չտալ, որ իր տարածքով որևէ ռուսական տեխնիկա կամ զինուժ տեղափոխվի, ինչը մոռացավ «Վրացական երազանքը» վերջին  իրադարձությունների ժամանակ, նույնիսկ կանխարգելեց հումանիտար օգնության տեղափոխումը»։

Կարապետյանը հիշեցնում է, որ իր թիմի անունից ինքը տեսաուղերձ է տարածել սոցցանցերում՝ դատապարտելով Սաակաշվիլիի հայտարարությունները: Կարապետյանը նաև շեշտում է, որ «Եվրոպական Վրաստանը» «Միացյալ ազգային շարժում» կուսակցոլւթյան հետ որևէ կապ չունի։ Հետևաբար «ելնելով նրանից, որ այս կուսակցության շարքերում նախկին «Միացյալ ազգային շարժում» կուսակցության նրկացուցիկչներ են, չի կարելի եզրակացություններ անել կուսակցության գաղափարախոսության մասին, քանի որ իշխող կուսակցության շարքերում ևս շատերը նախկինում եղել են ՄԱՇ-ի անդամներ»: