Ջիվան Մկրտչյան. աշխատում և աշխատելու եմ մեր պետության համար

Աշխատել հանուն Վրաստանի զարգացման, պետության համար կարևոր հարցերի շուրջ ու դառնալ դրանց մի մասը. ծնունդով Ջավախեթիից Ջիվան Մկրտչյանի նպատակն է: Ջիվանը Թբիլիսիի պետական համալսարանի իրավաբանության ֆակուլտետի մագիստրատուրայի ուսանող է, սակայն ինտեգրված քաղաքացի դառնալու իր ճանապարհին հասցրել է աշխատել հեղինակավոր կազմակերպություններում, պետական ապարատներում: 

Վերջերս գտնվել է Հայաստանի Հանրապետությունում,  որտեղ տեղի է ունեցել Վրաստանի և Հայաստանի սահմանադրական դատարանների դատավորների հանդիպումը։ Այցի շրջանակներում հանդիպում է անցկացվել  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի նախագահի, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանի և այլ նշանավոր դատավորների հետ, այցելել է «Արարատ» կոնյակի գործարան, ցեղասպանության հուշահամալիր:

Հատկանշական է, որ համալսարանում սովորելու հենց առաջին օրերից Ջիվանն աշխատել է համալսարանի ուսանողական խորհրդում, դա իր առաջին աշխատանքն է եղել: Այնուհետև աշխատել է Թբիլիսիի քաղաքապետարանում և Իսանի Սամգորիի գամգեոբայում (շրջանային խորհուրդ), քաղաքացիներին տալով իրավաբանական խորհրդատվություններ:

«Մինչև դպրոցն ավարտելը բացառել եմ իրավաբանի մասնագիտությամբ ուսումը շարունակելը։ Ավելին՝ ընդունվելով իրավաբանական ֆակուլտետ, ինչպես համարյա բոլոր ուսանողները, այնպես էլ ես պատկերացում չունեի ապագա մասնագիտությանս մասին: Հետագայում սովորելով, հասկացա, որ անչափ ճիշտ որոշում եմ կայացրել, քանզի իրավաբանությունը մարդկանց միջև հարաբերությունները կարգավորող գիտություն է, հատկապես այսօրվա կյանքում ամենաանհրաժեշտ մասնագիտությունն է, թե’ քո սեփական իրավունքները պաշտպանելու, և թե՛ ընդհանուր առմամբ կիրթ ու գիտակից քաղաքացի լինելու տեսանկյունից»,- անկեղծանում է Ջիվան Մկրտչյանը։

Ջիվանը վրաց լեզվով 4 քննություն է հանձնել, և ընդունվել համալսարան, սակայն չնայած այս փաստին, նշում է, որ լեզվի և միջավայրին հարմարվելու առումով ունեցել է որոշ դժվարություններ, որոնք կամքի ու աշխատասիրության շնորհիվ կարողացել է հաղթահարել և ինտեգրվել վրաց հասարակությունում։

Շարունակելով իր հաջողության ճանապարհը մասնակցել է նախարարության կազմի մեջ մտնող՝ հողերի գրանցման բաժնի աշխատակցի պաշտոնի մրցույթին, շատ բարձր արդյունք ունենալով ընդունվել է աշխատանքի, սակայն որոշ անձնական խնդիրների պատճառով ժամանակավորապես հրաժարվել է ընդունել աշխատանքը։

Այժմ Ջիվանը մասնակցում է մի քանի նախագծի, հասարակական կազմակերպությունների հետ ևս համագործակցում է:

Ցանկանալով լուծել տարբեր խնդիրներ՝ մասնակցություն է ունեցել միջպետական պաշտոնական հանդիպումներին, որտեղ իր փոքր լուման է ներդրել միջոցառումների կայացման գործում։

«Չէի ասի, թե մասշտաբային նշանակության հարցեր եմ լուծել, դեռևս այդպիսի հնարավորություն չեմ ունեցել, ելնելով տարիքիցս և աշխատանքային փորձիցս, սակայն հարցերի լայն շրջանակ կա, որոնց ակտիվ մասնակցում եմ, և դեռ կհասցնեմ մասնակցություն ունենալ մի շարք գործերում, որոնք կարևոր են մեր և պետության համար»- նշում է Ջիվանը։

Երիտասարդը կարծում է, որ Վրաստանում սովորելն ու լեզվին տիրապետելը շատ կարևոր է այս երկրում ապրող յուրաքանչյուր քաղաքացու համար։ Պետք է կրթություն ստանալ հենց պետական լեզվով՝ գործում այն ավելի լավ օգտագործելու համար։

 «Կան մասնագիտություններ, որոնք ուրիշ պետություններում սովորելով անհնար կդառնա Վրաստանում աշխատել ու կիրառել ստացված գիտելիքը: Մասնավորապես խոսքը վերաբերվում է իրավաբանի մասնագիտությանը, քանզի օրենքները տարբեր են տարբեր երկրներում»,-հավելում է Ջիվան Մկրտչյանը։

Ասյա Բալասանյան, «Ալիք մեդիայի» ստաժոր