Կալաձեն հանձնարարել է ուսումնասիրել «Ավլաբարի» կայարանի խնդիրը

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեի հայտարարությամբ՝ քաղաքապետարանի աուդիտի ծառայությունը կուսումնասիրի մետրոյի «Ավլաբարի» կայարանի վերականգնման (ռեաբիլիտացիայի) գործընթացը։ Այս հայտարարությունը Կալաձեն արել է կառավարության նիստում։

Մի քանի օր առաջ անձրևաջուր է տեղացել 2 տարի առաջ վերականգնված «Ավլաբարի» կայարանում։ Կալաձեն ասել է, որ կատարվածը «կտրականապես անընդունելի է».

«Չգիտեմ, թե ում մեղքն է՝ ընկերությա՞ն, ընդունո՞ղ կողմի, թե՞ վերահսկողի. աուդիտի ծառայությունը պարտավոր է հետաքննել մանրամասնորեն, և անհրաժեշտության դեպքում ձեռնարկել հաջորդ քայլերը, քանի որ այս անպատասխանատու վերաբերմունքը կտրականապես անընդունելի է»։

Որոշակի խնդիրներ են առաջացել այն ենթակառուցվածքում, որը մենք վերականգնել ենք մի քանի տարի առաջ. նկատի ունեմ «Ավլաբարի»  կայարանը, դրա կադրերը տեսավ լայն հասարակությունը։ Փաստացի, ներսում անձրևում էր այնպես, ինչպես դրսում, ջուր էր թափվում, և դա, բնականաբար, շատ մեծ անհարմարություն, դիսկոմֆորտ ու խնդիր է։ Կայարանը, որը գտնվում էր շատ ծանր վիճակում, ամորտիզացված էր, վթարային, որոշակի ժամանակ պահանջվեց նախագծի համաձայնեցման համար, էլ չեմ պատմի, թե ինչ խնդիրներ էին ուղեկցում այդ վերականգնմանը։ Բայց, ի վերջո, նախագիծն իրականացվեց, թեև, իհարկե, կա թերություն, որն ակնհայտ է, և այս ամենը շատ մեծ խնդիր է։ Ես ուզում եմ հանձնարարել մեր աուդիտի ծառայությանը, նաև մեր տեղակալներին, որպեսզի սկսեն հետաքննություն այս հարցի շուրջ. կտրականապես անընդունելի է այս վերաբերմունքը։ Մոտավորապես 2 տարի առաջ ենք իրականացրել նախագիծը, և հասարակությունը տեսավ, որ փաստացի կայարանի մեկ կոնկրետ հատվածում ջուրը թափվում էր այնպես, ինչպես դրսում»,- ասել է Կալաձեն։

Կալաձեն խոսել է նաև հեղեղատար համակարգերի խնդիրների, այդ թվում՝ վերականգնված փողոցների մասին։ Ըստ նրա` դա նույնպես ուսումնասիրության կարիք ունի։ Իր իսկ խոսքով՝ նշված հարցն «առանց հետևանքի չի կարող մնալ»։

«Ավլաբարի»  կայարանի վերականգնումը Թբիլիսիի քաղաքապետարանը սկսել էր 2022 թվականին։ Վերականգնումը պետք է ավարտվեր 8 ամսում, սակայն ավարտվեց 28 ամիս անց՝ 2024 թվականին։