Կալաձեն հայտարարել է, որ ողջունում է ռուս զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան

Թբիլիսիի քաղաքապետ Կախա Կալաձեն հայտարարել է, որ ողջունում է ռուս զբոսաշրջիկների ժամանումը Վրաստան։

Կալաձեն հիշեցրել է 2008 թվականի պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը` նշելով, որ այն ժամանակվա իշխանության ներկայացուցիչները խրախուսում էին ռուսներին` գալ Վրաստան և բիզնես սկսել։

«Մենք ողջունում ենք ռուս զբոսաշրջիկների ժամանումը։ Դրանում ոչ մի վատ բան չկա։ Հիշեք 2008 թվականի պատերազմին հաջորդած ժամանակաշրջանը. պատերազմ, որը կործանարար էր մեր երկրի, ժողովրդի և Վրաստանի տնտեսության համար։ Մենք տարածքներ էինք կորցրել. ցավոք սրտի, մեր տարածքի մի շատ մեծ հատված այսօր էլ օկուպացված է։ Սակայն պատերազմի երրորդ-չորրորդ օրը պետական ​​պաշտոնյաները նամակներ են ուղարկել Ռուսաստանի Դաշնություն՝ հանրային կապեր սկսելու և Վրաստանում համերգներ կազմակերպելու համար։ Նրանք կոչ են արել ռուսներին, զբոսաշրջիկներին, որ գան մեր երկրում բիզնեսով զբաղվեն։ Կան նաև համապատասխան տեսագրություններ»,- ասել է Կախա Կալաձեն։

Թբիլիսիի քաղաքապետն ասել է․ «Սաակաշվիլին Լարսի անցակետում հանդիպել է ռուս զբոսաշրջիկներին՝ ծաղիկները ձեռքին և ողջունել նրանց։ Եվ հիմա այս մարդիկ բարկացած դեմքերով բողոքում են, թե ինչպես կարող է ռուս զբոսաշրջիկը մտնել Վրաստան»։

Նշենք, որ ՌԴ-ում ընթացող վերջին իրադարձությունների ֆոնին բազմաթիվ քաղաքական և հասարակական գործիչներ կոչ են արել Վրաստանի իշխանություններին փակել սահմանը՝ ռուս փախստականների հնարավոր հոսքից և դրանից բխող հետևանքներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ հունիսի 23-ի երեկոյան «Վագներ» մասնավոր ընկերության հիմնադիր Եվգենի Պրիգոժինը ՌԴ ՊՆ-ին մեղադրել էր իր ճամբարներին հարվածներ հասցնելու համար: Պրիգոժինը հայտարարել էր, որ պատրաստվում է ռազմական հեղաշրջում անել Ռուսաստանում։ Իր այդ քայլը նա անվանել էր «Արդարության երթ»։

Հունիսի 24-ի առավոտյան «Վագներ»-ի հիմնադիրները գրավել էին Դոնի Ռոստովը։ Ավելի ուշ հաղորդվել է, որ նրանք վերահսկում են Վորոնեժի մի քանի ռազմական օբյեկտներ։ Շրջանի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել էր, որ մարզում «օպերատիվ մարտական ​​գործողություններ» են ընթանում։

Պրիգոժինը Telegram-ի ալիքում գրել էր, որ «Վագներ»-ի ընկերության վարձկանները շարժվում են դեպի Մոսկվա:

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը երկուշաբթի օրը Ռուսաստանի մայրաքաղաքում ոչ աշխատանքային օր էր հայտարարել։ Մոսկվայի քաղաքապետի խոսքով, «հակաահաբեկչական գործողություն» էր ընթանում։ Ըստ նրա՝ իրավիճակը ծանր էր։

Մոսկվայի քաղաքապետը կոչ էր արել համաքաղաքացիներին զերծ մնալ քաղաքում երթևեկելուց, քանի որ որոշ թաղամասերում փողոցների տարբեր հատվածներ գուցեև փակվեին։

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն օրենք էր ստորագրել, որը նախատեսում էր տուգանքներ և 30-օրյա վարչական կալանք ռազմական դրությունը խախտելու համար։