Կառավարության շենքի մուտքը պարսպապատվել է

Վրաստանի կառավարության շենքի դիմացի հատվածը, որտեղից քաղաքացիները մուտք են գործում, այժմ պարսպապատվել է 2,5 մետրանոց երկաթե պատնեշով: Radiotavisupleba.ge լրատվականի փոխանցմամբ՝ երկաթյա պատնեշը կառուցվել է այգու կազմակերպման աշխատանքների շրջանակներում։

Կառավարության շենքի դիմաց տարիներ առաջ ևս երկաթե պատնեշ կար, որը հանվել էր «Վարդերի հեղափոխությունից» հետո՝ վարչապետ Զուրաբ Ժվանիայի որոշմամբ։

Վրաստանի կառավարության վարչակազմը գտնվում է Թբիլիսիի կենտրոնում՝ Ազատության հրապարակից մի քանի տասնյակ մետր հեռավորության վրա, Ինգորոկվա փողոցում գտնվող շենքում։ Բաց տարածքում, որտեղ քաղաքացիները բողոքի ակցիաներ էին անցկացնում, արհեստական պատնեշներ են ստեղծվում, ծառեր են տնկվում։ Այգու և բակի ճակատային մասի միջև այժմ կանգնած են մոտ 2,5 մետր բարձրությամբ երկաթե պատնեշներ՝ ամուր բետոնե ծածկով պարփակված։

Կառավարությունը վարչական շենքի դիմաց շինարարական աշխատանքները սկսել է 8 ամիս առաջ՝ 2023 թվականի ապրիլի 7-ին: Դեռ հայտնի չէ, թե որքան գումար է ծախսվում կամ երբ կավարտվեն աշխատանքները։