Կառավարությունը թույլ կտա նախագահին Եվրախորհրդարան այցելել

Եվրախորհրդարան այցելելու նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի դիմումը կհաստատվի, հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին՝ պատասխանելով նախագահի վարչակազմի հայտարարությանը։ Նախագահականից ավելի վաղ հայտնել էին,  որ Սալոմե Զուրաբիշվիլին դեռ կառավարությունից թույլտվություն չի ստացել մայիսի 31-ին նախատեսված այցի համար։

«Ամոթ է նման տեխնիկական հարցերի մասին խոսելը, կարծում եմ, որ դա հրապարակայնորեն քննարկելն անլուրջ է։ Իհարկե, տիկին Սալոմեի դիմումը կբավարարվի, որը ներկայացրել է՝ մեղադրելով կառավարությանը մինչ օրս Եվրախորհրդարան մի շարք ծրագրած այցեր չեղարկելու մեջ։ Ուստի կարծում եմ, որ սա կարևոր հարցերից ուշադրությունը շեղելու փորձ է»,- ասել է Իրակլի Ղարիբաշվիլին։

Երեկ՝ մայիսի 18-ին, «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն լրագրողներին ասել է՝ մտավախություն ունեն, որ նախագահի այցը և Եվրախորհրդարանում նրա հայտարարությունները կվնասեն Վրաստանի՝ ԵՄ անդամակցության թեկնածուի կարգավիճակ ստանալուն։

Մայիսի 17-ին նախագահի վարչակազմը հայտարարեց, որ Սալոմե Զուրաբիշվիլին դեռ չի ստացել կառավարության հավանությունը Բրյուսել այցի համար, որն ուղարկվել էր ապրիլի 27-ին։

Վրաստանի նախագահի վարչակազմի տվյալներով՝ Եվրախորհրդարանի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 31-ին ելույթ կունենա Եվրախորհրդարանի բրյուսելյան կենտրոնակայանում։

Հիշեցնենք՝ նախագահ Սալաոմե Զուրաբիշվիլին օրերս քննադատել է Վրաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնումը։