Ռուսական ևս մեկ ավիաընկերություն սկսում է թռիչքներ դեպի Վրաստան

Ռուսական ևս մեկ ավիաընկերություն՝ Red Wings-ը, սկսում է չվերթեր իրականացնել դեպի Վրաստան։ Ավիաընկերությանը թույլտվություն է տվել Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի գործակալությունը։

Հունիսի 2-ից Red Wings-ը կսկսի իրականացնել Սոչի-Թբիլիսի-Սոչի և Մոսկվա-Քութայիսի-Մոսկվա չվերթերը, շաբաթական երեք անգամ՝ երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

«Ավիաընկերությունը Եվրամիության սև ցուցակում չէ»,- նշված է Վրաստանի քաղավիացիայի հայտարարությունում։

Ի դեպ, մայիսի 14-ին քաղաքացիները ստորագրահավաք են սկսել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթերի վերականգնման դեմ:

Վրաստանի քաղաքացիական ավիացիան ավելի վաղ հայտարարել էր, որ ռուսական Azimuth Airlines-ը սկսում է թռիչքները Վրաստանի և Ռուսաստանի միջև՝ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը սկսելով մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

Մայիսի 10-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը 2 հրամանագիր արձակեց, որով մայիսի 15-ից չեղյալ համարեց Վրաստանի քաղաքացիների համար 2000 թվականից գործող վիզային ռեժիմը և չեղարկեց երկու երկրների միջև ուղիղ չվերթերի արգելքը, որը սահմանվել էր 2019 թվականից։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այդ որոշումը, մինչդեռ ընդդիմության և մեծ թվով փորձագետների պնդմամբ` Պուտինը նման կերպ «պարգևատրել է» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։