Մոսկվա-Թբիլիսի առաջին չվերթը՝ մայիսի 17-ին

Վրաստանի քաղաքացիական ավիացիայի գործակալության տվյալներով, Վրաստանի և Ռուսաստանի միջև թռիչքներ է սկսում ռուսական Azimuth Airlines ավիաընկերությունը։

Քաղավիացիայի փոխանցմամբ՝ ավիաընկերությանը թռիչքների համար անհրաժեշտ թույլտվությունը տրվել է այսօր՝ մայիսի 15-ին։

Նշվում է, որ Մոսկվա-Թբիլիսի-Մոսկվա չվերթը կիրականացվի մայիսի 17-ից՝ շաբաթական յոթ անգամ։

Այսօրվա դրությամբ Azimuth Airlines-ը Եվրամիության սև ցուցակում չէ։

Ի դեպ, Azimuth Airlines-ը թռիչքներ է իրականացնում հիմնականում Ռուսաստանի տարածքում, ինչպես նաև հետխորհրդային որոշ երկրներում, Ստամբուլի և Թել Ավիվի ուղղությամբ։

Նշենք՝ մայիսի 10-ին հայտնի դարձավ, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանագրով Ռուսաստանը հանել է 2019 թվականի հունիսի 20-ի իրադարձություններից հետո Վրաստան ուղիղ չվերթերի սահմանափակումը՝ չեղարկելով նաև Վրաստանի քաղաքացիների համար վիզային ռեժիմը։

Ռուսաստանի որոշումը Թբիլիսիում միանշանակ չընդունվեց. իշխող կուսակցության առաջնորդները և կառավարության ներկայացուցիչները ողջունել են այն, մինչդեռ ընդդիմությունը և մեծ թվով փորձագետներ կարծում են, թե Պուտինը նման կերպ «պարգևատրեց» Վրաստանի կառավարությանը։

Որոշ փորձագետներ կարծում են, որ Ռուսաստանի որոշումը սպառնալիք է Վրաստանի՝ Եվրամիությանն ինտեգրվելու համար և կխանգարի Վրաստանին դառնալ ԵՄ անդամության թեկնածու երկիր։

Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին Ռուսաստանի որոշումները սադրանք է անվանել և կառավարությանը կոչ է արել Ռուսաստանի քաղաքացիների համար եռամսյա վիզային ռեժիմ սահմանել։