Անչափահասների ամուսնությունը Վրաստանում․ 180 գործ է հարուցվել

«Մի խլիր մանկությունը»․ այս խորագրով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը տեղեկատվական քարոզարշավը է նախաձեռնել:

Ակցիայի նպատակն է բարձրացնել քաղաքացիների տեղեկացվածության մակարդակը՝ այդպիսով իսպառ վերացնելով խնդրի հետ կապված հանցագործությունները։

Հաղորդագրությունում ասվում է, որ 2018-ին անչափահասների ամուսնության հետ կապված մինչև 180 փաստի առնչությամբ հետաքննություն է սկսվել: Հիշյալ հանցագործությունների մասին իրավապահներին հիմնականում տեղեկացրել են դեպքերից ամիսներ անց, ինչը բարդացրել է գերատեսչության օպերատիվ արձագանքը:

Վրաստանի ՆԳՆ-ն սկսած քարոզարշավի շրջանակներում տարբեր միջոցառումներ է նախատեսում, այդ թվում հանդիպումներ շրջանների բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների, դպրոցների աշակերտների, ուսուցիչների և շահագրգիռ բոլոր կողմերի հետ։

Քարոզարշավի շրջանակներում տպագրվել են տեղեկատվական գրքույկներ, որոնք  պարեկային ոստիկանության աշխատակիցները տարածելու են Թբիլիսիում և շրջաններում:

Տեղեկատվական քարոզարշավը կշարունակվի 18 օր: Այն իրականացվում է ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի աջակցությամբ: